24.11.2024
ԵՄ-ն ողջունում է դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության կամքը
prev Նախորդ նորություն

«Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները մասնավորեցման ցանկից դուրս կբերվեն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա իր նիստում դրական եզրակացություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկին, որով, մասնավորապես, առաջարկվում է «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները հանել մասնավորեցման ցանկից:


Նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:


«Առաջարկվում է «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները հանել մասնավորեցման ցանկից, այս առաջարկությունները ներկայացվել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տրանսպորտի և կապի նախարարությունների կողմից»,- ասաց նա:


Ներկայացնելով հիմնավորումները, Բաբայանը նշեց, որ էլեկտրաէներգիայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգարտադրողներից էլեկտրաէներգիա գնելու, ներկրելու, արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից, որի դեպքում հանդես է գալիս «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն: 


«Հայփոստ»-ի հարցում պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ: Եվ, առհասարակ, ռիսկային կդառնա ամբողջ հանրապետության տարածքում ունիվերսալ փոստային ծառայությունների մատուցումը:


«Փոստային կապի մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բաժնեմասը պահպանել որպես պետական սեփականություն, միևնույն ժամանակ կառավարությունը եկել է հետևյալ եզրակացության, որ մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում կիրառվի ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարաման հանձնումը»,- ասաց Բաբայանը:


Նշենք, որ նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ: