Լավրով․ Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ
Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ։ Սակայն մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այն երկրների հետ, որոնք իրենց համար առաջնահերթություն են դարձրել նրան անդամակցելը, լրջորեն կխափանվեն։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու դեպքում Ռուսաստանի գործողությունների մասին։
Պատասխանելով այն հարցին, թե արժի արդյոք տեսանելի ապագայում սպասել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ չվերթների վերականգնմանը՝ Լավրովը ասել է․ «Ես այդ չվերթները, երեւի, վերադարձնեի։ Եւ ինձ թվում է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրացական բնակչության մեծ մասը գիտակցեց այն արարքի ոչ արդյունավետ, սադրիչ բնույթը, որը տեղի ունեցավ վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեան։
Ընդդիմադիր կուսակցությունն այն ժամանակ ամբարտավան կերպով խափանեց միջոցառումը՝ ընդ որում մեղադրելով Ռուսաստանին նրանում, որ մենք իբր ինչ-որ քայլեր ենք արել, որը թույլ է տալիս սկսել այդ հակառուսական քարոզչությունը։ Սակայն այնտեղ ոչինչ չկար, բացի համաձայնեցված պրոցեդուրայից, որն իրականացվեց կատաղած ամբոխի կողմից՝ նախօրոք պատրաստված պաստառներով, իմիջիայլոց։ Եւ այդ հակառուսական հիստերիայի պատճառը բոլորովին էլ ռուսական պատվիրակության պլանավորված հայտնվելը չէր այդ դահլիճում։ Ես միշտ հանդես եմ եկել այն բանի օգտին, որ մենք Վրաստանի հետ բարեկամ լինենք»։
Նա նաեւ մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը որոշում էր նախապատրաստել մինչեւ 2019թ․ Վրաստանի հետ վիզաները չեղարկելու մասին․ «Այո, այն արդեն պետք է «դուրս գար»։ Այն հեշտ չէր։ Դրա նախապատրաստման գործընթացը, հասկանալի պատճառներով, բարդ էր։ Սակայն արդյունքում Վլադիմիր Պուտինը որոշում ընդունեց, որ մենք դրան կգնանք, որպեսզի ժողովուրդները շփվեն, կապերը վերականգնվեն, զբոսաշրջությունը զարգանա։ Այդ հունիսյան դեպքը, իհարկե ողջ գործընթացը հետ շպրտեց»։
Լավրովի խոսքերով, Վրաստանում հայտնվել են եւ շարունակում են դիրքեր զբաղեցնել մեղսունակ քաղաքական գործիչները։ «Տեսնենք, թե ինչպես կգնան գործերը»,- ասել է նա։