Կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմ-ակնարկների պրեմիերան
Նախօրեին Երևանում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:
«Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնակները Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ժապավենն է: Անդրադարձը հայոց վերջին թագավորությանը՝ հայոց պատմությունը գնահատելու և պահպանելու տեսանկյունից յուրատեսակ հաղորդագրություն է դեպի մեր ժամանակներ:
Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ-ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների և Լուսինյանների կենտրոնական կերպարներին, տեսնելու կատաղի մարտեր, փառավոր հաղթանակներ և իհարկե՝ սեր:
Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության բոլոր չափանիշներին համապատասխան՝ զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչև գրաֆիկական և անիմացիոն լուծումներ՝ գաղափարային հիմք ունենալով ինչպես հայոց պատմության ու պատմական հերոսների միջոցով ազգային ոգի արթնացնելը, այնպես էլ համաշխարհային հանրությանը հայկական կինոարտադրական ներուժը ներկայացնելը: Նկարահանումները և հետարտադրական ամբողջ գործընթացը իրականացվել է Հայաստանում՝ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Ֆիլմ-ակնարկների ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է:
Այս ինքնատիպ Start Up նախագծի տեսլականն է Կիլիկիայի հայոց պատմության փառավոր էջերից մեկը լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ դարձնել, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանը տեսանելի և գրավիչ դարձնել բարձր տեխնոլոգիական աշխարհի և ֆիլմարտադրության ոլորտում հայտնի միջազագային կազմակերպությունների համար՝ ներկայանալով իբրև այդ ոլորտում արտադրական և հետարտադրական գործընթաց իրականացնելու զարգացման ներուժ ունեցող և մրցունակ երկիր:
Նախագիծը կյանքի է կոչվել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 17-ին «Կիլիկիա. Առյուծների Երկիր»-ը ցուցադրվեց Լիբանանում:
Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։
Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:
Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։
Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։