Նոր գրանցված 65 հազար աշխատողները վճարել են ավելի քան 6 մլրդ դրամ հարկ. Փաշինյան
Այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել եւ ճշգրտել ցանկացած պահի: Այս ամսին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս) երեկ հայտարարված 64 հազար 899-ի փոխարեն:
Եթե 65 հազար 37 գրանցված աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։
Ինչպես տեսաք, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը շատ լավ նորություն է:
Ըստ հաստատված տվյալների այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:
Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ», - ասված է նրա գրառման մեջ: