25.11.2024
Ադրբեջանն Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին «սև ցուցակ» կներառի
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Իմ քայլի»-ականների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի կողմից: Հիմնականում ակտիվ են ԲՀԿ-ականները. արդեն իսկ կան պատգամավորներ, որոնք պատրաստ են հանուն ԲՀԿ-ի լքելու «ֆրակցիան», իսկ «Իմ քայլի» ակունքներում գտնվող, վարչության անդամ չդարձած Սասուն Միքայելյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում: Ի դեպ, փորձ է արվում հակառակ գործընթացն էլ իրականացնելու ԲՀԿ-ի նկատմամբ, շոշափվում են Վարդան Ղուկասյանի ու էլի մի քանիսի անունները: «Իմ քայլում», ասում են, ի սկզբանե մոտ 25 ականներ են դրված եղել «նախկինների» կողմից, որոնք անհրաժեշտ դեպքում «կպայթեն»` պայթեցնելով իրենց հետ իշխանական ֆրակցիան, ուր շատերն էլ, հասկանալով, որ նավը խորտակվում է, ինքնակամ են ներկայանում նոր իրավիճակն ու նոր խաղը մոդերացնողներին ու «կամավոր» գրվում։ Անուններ դեռ չենք հրապարակում»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձեւերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։ Իշխանությունում հասկացել են, որ «սկանդալային ձերբակալությունների» շարքն այլեւս չի աշխատում եւ փորձում են հանրությանը նոր «տեսարաններ» մատուցել։ Սակայն փաստն այն է, որ բնապահպանները եւ ջերմուկցիները տրամադրված են բավականին վճռական եւ չեն պատրաստվում հետքայլ անել։ Ավելին, խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երեւան» դառնալու համար։ Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաեւ մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։ Կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս մասին զեկուցվել է Փաշինյանին եւ նշվել, թե ինչ հնարավոր ռիսկեր կարող է դա ունենալ, այդ թվում՝ քաղաքական։ Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեքշաբթի, հայտարարությունների ժամին, ամբիոնին մոտեցած նախկին «լուսավորչական» Արման Բաբաջանյանի ուսից կախված էր նույնպիսի ուսապարկ, ինչպիսին կրում էր Նիկոլ Փաշինյանը` հեղափոխության ընթացքում։ Ապա հեղափոխությունից հետո տևական ժամանակ ուսապարկը կրում էր նրա անվտանգության աշխատակիցը՝ իր ուսին: Չորեքշաբթի պառլամենտ` հարցուպատասխանի եկած Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին հարցրինք` ինչո՞ւ այլևս չեն կրում ուսապարկը։ «Մի անհանգստացեք, ուսապարկն ապահով տեղում է»: Արման Բաբաջանյանի մո՞տ՝ որպես «իրավահաջորդի»։ «Ոչ»,- շատ կտրուկ ասացին նրանք: Ես՝ որպես Պողոս, խիստ անհանգստացած եմ` ո՞ւր է մեր հեղափոխության ուսապարկը։ «Նո քոմենթ»,- ասացին ու գնացին: «Իմ քայլի» ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցրինք՝ երբ Արման Բաբաջանյանն ուսապարկով մոտեցավ ամբիոնին, Դուք ի՞նչ ապրումներ ունեցաք։ «Ոչ մի»: Տեսաք, չէ՞, ուսապարկով էր։ «Հա, աջ ուսին էր»: Անշուշտ, աջ ուսը ևս կարևոր նշանային համակարգ է․ խանդի զգացում չառաջացա՞վ։ «Ո՛չ»: Եզրակացություններ չարեցի՞ք։ «Ոչ»: Օգնե՞մ եզրահանգումների հարցում։ «Ոչ, ոչ… չեմ ուզում, շնորհակալ եմ»


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ԱԺ-ն քննարկում էր շքեղ սեփականություն ունեցողների համար գույքահարկը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնություն: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ, օրինակ, 3 մլն դրամ գույքահարկ մուծող սեփականատերերը օրենքի փոփոխությունից հետո կմուծեն 25 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ Թունյանի ակնարկը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Իսկ, օրինակ, օլիգարխիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Ալեքսանյանը, իր սեփական տունը բաժանել է մոտ 10 մասի եւ դրանք առանձին-առանձին ձեւակերպել իր երեխաների անուններով: Ալեքսանյանին այս փոփոխությունը չի վերաբերի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ի հեճուկս թեժ քաղաքական աշուն կանխատեսողների, ՀՀԿ-ում դեռ չեն շտապում քաղաքական ակտիվ գործողություններ ձեռնարկել։ «Իշխանը մտածում է»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։ Թե այդ մտածումների արգասիքն ինչպիսին ու երբ կլինի, ՀՀԿ-ից չեն շտապում գաղտնազերծել։ «Հետեւում ենք զարգացումներին»,-կարճ փոխանցեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ առանց իրենց էլ իշխանությունը քանդվում է, իսկ հիասթափության ալիքը` մեծանում։ Վստահեցրին, որ ՀՀԿ-ն դեռ ռեսուրսները ճշգրտելու, հավաքագրելու, վերակազմավորվելու օրեր է ապրում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ փոխնախագահ, գիտության եւ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Մոսկվայից Երեւան էր վերադառնում ինքնաթիռի բիզնես դաս սրահում նստած: Սա վկայում է, որ ՀՀԿ-ի եւ Աշոտյանի ֆինանսական միջոցները իշխանափոխությունից հետո այնքան էլ չեն վատացել, որ նա իրեն նման շքեղություն է թույլ տալիս: Չնայած հնարավոր է, որ Աշոտյանն ուղղակի զգուշանում է էկոնոմ դասում նստելուց, որտեղ ՀՀ շարքային քաղաքացիներն են»:


«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլում» իրավիճակը նախանձելի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են, սակայն շատ հնարավոր է, որ մեծ թիվ կազմեն խմբակցությունից հեռացող, բայց մանդատ պահպանողները։ Ամուլսարի թեման հիմնական պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։ Հայտնի է, որ Փաշինյանի թիմում բազմաթիվ թեւեր կան, որոնք միմյանց տանել չեն կարողանում, ու երբ պահը հասունանա, վայրկյան իսկ չեն վարանի ոչնչացնելու իրար։ Այսօր արդեն խմբակցության նիստերին որոշ պատգամավորների չեն հրավիրում, քանի որ նրանց համարում են «ականներ», որոնք ապահովում են տեղեկատվական արտահոսքեր։ Նույն տեղեկություններով, մեծ է հավանականությունը, որ խմբակցությունից առանձնանա մի թեւ եւ առանձին գործունեություն ծավալի։ Իրազեկները պնդում են, որ ներքին խլրտոցներն արդեն անկառավարելի են, ու Փաշինյանը չի կարողանա սանձել սեփական թիմի ըմբոստներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի իմքայլական անդամներից մի քանիսը ՍԴ դիմում են ուղարկել՝ պահանջելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղարկված դիմումների հայերեն տարբերակը, ու մի քանի շաբաթ է՝ պատասխան չեն ստացել։ Ըստ տեղեկությունների՝ դիմումները ՍԴ-ն ուղարկել է ընթացակարգային խախտումներով, այն է՝ ոչ բոլոր անդամներն են մասնակցել այդ որոշման կայացմանը։ Դատավորներից մի քանիսն այդ օրերին արձակուրդում են եղել եւ տեղյակ չեն եղել, որ նման դիմումներ են ուղարկվել միջազգային կառույցներ։ Ավելին, ենթադրվում է, որ ՍԴ անդամները պետք է փաստաթուղթը քննարկման առարկա դարձնեին հայերենով, դրանից հետո միայն թարգմանությամբ ուղարկեին միջազգային ատյաններ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ դիմումի պատասխանը չկա․ «Սա հիմք է տալիս մտածելու, որ ՍԴ-ն նման տարբերակ չունի։ Սա շատ տարօրինակ է, որովհետեւ այն դատավորները, որոնք պետք է ստորագրեին փաստաթղթի տակ, նախեւառաջ պետք է առնվազն հասկանային դիմումի տեքստը, թե ինչի մասին է։ Ես չունեմ այն վստահությունը, որ ՍԴ բոլոր անդամներն այնպես են տիրապետում անգլերենին, որ կարող էին տեքստը կազմել հենց անգլերենով։ Սա մտահոգիչ իրավիճակ է»։ Ի դեպ, երբ մամուլում տարածվեց, որ դիմումները ՍԴ-ում չեն գրվել, այլ գրվել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ՍԴ-ն հերքեց լուրը՝ նշելով, որ Քոչարյանի եւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ Քրօր․ 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ 8 դատավորի կողմից միաձայնությամբ ընդունված եւ հրապարակված աշխատակարգային որոշումների հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից»:


«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարվա իշխանափոխության օրերին Սերժ Թանկյանը խոստացել էր վերջապես բնակարան գնել եւ ավելի երկար ժամանակ անցկացնել Հայաստանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, մեծ շուքով կհայտարարվի, որ երգիչն իր խոստմանը տեր է եղել եւ բնակարան է գնել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Վանաձորում: Սակայն մեր աղբյուրները հավաստում են, որ խոսքն իրականում հազիվ թե «գնման» կամ ձեռքբերման մասին է: Բանն այն է, որ նրա զոքանչի տունը, որը գտնվում է Վանաձորում, պարզապես անվանափոխվում է Սերժ Թանկյանի անունով: Ի դեպ, դեռեւս 2018 թ. օգոստոսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թանկյանին հիշեցրել էր Հայաստանում բնակարան գնելու մասին: «Սերժ Թանկյանը, երբ եկել էր, խոստացավ, որ Հայաստանում բնակարան է գնելու: Չգիտեմ՝ արե՞լ է, թե՞ ոչ: Հրապարակային եմ հիշեցնում, Սերժ ջան, չեմ ուզում անձնականով հիշեցնել, մենք պայմանավորվել ենք, էլ չեմ ասում, որ պիտի քննարկեինք Հայաստանում ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորությունդ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը»:


«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը: Օրենքն այդ շարադրմամբ ներկայացվել և իրավական ուժ է ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ: Սակայն պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ իրեն ահազանգում են խախտումների մասին: Երեկ, ի պատասխան «ՀՀ»-ի հարցի՝ նա նշել է, որ բողոքները շարունակվում են, նշվում են բուհեր, ֆակուլտետներ, անուններ, ազգանուններ, հեռախոսահամարներ և այլն: «Ես այդ տվյալները պարբերաբար փոխանցում եմ, փորձում եմ ակտիվացնել գործի մեջ և ԱԺ կրթության հանձնաժողովին, և նախարարությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվում»


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Մեր տեղեկություններով` այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, ընդգրկեն ԱԺ լիագումար նիստում: Բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ այդ դեպքում դեռ մոտ երկուսուկես ամիս կտեւի այդ պրոցեսը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավելի եղել: Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեի գումարներ են դուրս գրել: «Ժողովուրդ» օրաթերթը կալանավայրում տարածված տեղեկությունները փորձեց ճշտել «Նուբերաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանից, ով ասաց. «Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 եւ 2017 թվականերին, ընթացիկ վերանորոգումներ է արվել: Իմ օրոք եւ, բնական է, ինձանից առաջ ով է արել` ես չգիտեմ»: