ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրեց ՀՀ և Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի միջև համաձայնագիրը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի տարածքում հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահության ոլորտներում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող գործունեության խթանմանը նպաստող օրենքի նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին: Համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշներ կողմերի միջև՝ ուղղված ՀՀ տարածքում հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահության ոլորտներում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող գործունեության խթանմանը: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն առողջապահության, պարենային անվտանգության, կամավորական գործունեության, աղետների ու ռիսկերի նվազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման, ինչպես նաև համաձայնեցված այլ ոլորտներում: