Յուրա Իվանյանը չի ազատվել պաշտոնից. ՔԿ
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի ազատման, ապա Հարությունյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել այն, քանի որ այս պաշտոնին նշանակում և ազատում է վարչապետը:
Ավելի վաղ հայաստանյան լրատվամիջոցները գրել էին, թե Իվանյանն ու Ավետիսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար։
Ավելի վաղ «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակի հետաքննությունը պարզել էր, որ Ամուլսարի գործով Յուրա Իվանյանի եւ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջեւ ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են: