26.11.2024
Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը. ՌԴ-ում ՀՀ դեսպան

ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստանին չարտահանձնելը որեւէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:


«Նախկինում էլ, ներկայում էլ, ապագայում էլ նման դեպքեր լինում են: Ընդհանրապես արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային եւ երկրի ներքին օրենսդրությանը: Նախ Ռուսաստանը չի մերժել արտահանձնման հարցը: Եթե դուք կարդացել եք Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունը, ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, լրացուցիչ հիմնավորումներ ստանալու համար: Այսինքն չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի:


Միքայել Հարությունյանի մասով եւս եղել է համապատասխան պարզաբանում: Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է եւ ՌԴ Սահմանադրությամբ նա չի կարող արտահանձնվել»,-ասաց նա:


Տողանյանն ընդգծեց, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ տասնյակ, հարյուրավոր նման դեպքեր են լինում. «Ուղղակի լինում են քաղաքացիներ, որ քիչ հայտնի են, մենք չենք իմանում: Ես այս հարցը չէի քաղաքանացնի եւ չէի բերի հայ-ռուսական հարաբերությունների դաշտ»:


Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ, արդյոք դա կարող է դիտարկվել որպես աջակցություն ՀՀ երկրորդ նախագահին այն դատական պրոցեսում, որն ընթանում է ՀՀ-ում, Տողանյանն ասաց. «Ոչ, չի կարող, որովհետեւ դա ՀՀ ներքին գործն է: Հայաստանի ներքին գործերին որեւէ միջամտության փորձի ես տեղյակ չեմ»:


Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Պողոսյանը հայտնաբերվել էր եւ ձերբակալվել էր ապրիլի 19-ին Պետրոզավոդսկ քաղաքում:


Ավելե վաղ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։


«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:


Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:


Ըստ այդմ անհասկանալի է, թե ինչ ի նկատի ունի ՌԴ-ում ՀՀ դեսպանը, երբ նշում է, որ գործընթացն ավարտված չէ եւ Ռուսաստանը չի մերժել արտահանձնման հարցը: