Սլովակիայի ԱԳՆ-ն քննադատել է Սերբիայի մտադրությունը համաձայնագիր կնքել ԵԱՏՄ հետ
Հոկտեմբերին ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու Բելգրադի մտադրությունը հարցեր է առաջացնում. դա չի մոտեցնում Սերբիային ԵՄ-ին: Այս մասին ասել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:
Լայչակը մասնակցում է Հելսինկիում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական բանակցություններին: Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք ԵՄ-ում անհանգստացած չեն, որ Սերբիան մտադիր է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրեր ստորագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Սա շփոթեցնող է: Դուք չեք կարող միաժամանակ մի քանի ուղղություններով շարժվել: Եթե դուք լրջորեն վերաբերվում եք ձեր եվրոպական ուղղությանը, ապա, իհարկե, պետք է կայացնեք քաղաքական որոշումներ, որոնք ձեզ ավելի կմոտեցնեն, իսկ այդ որոշումը դրա մասին չի վկայում», - ասել է նա:
Ավելի վաղ, Սերբիայի փոխվարչապետ Ռասիմ Լյայիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի վերջին Մոսկվայում: Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել էր, որ Սերբիան կարող է և կստորագրի պայմանագրեր և կաջակցի ազատ առևտրի ռեժիմին բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ մինչ ԵՄ-ին անդամակցելն ու լիիրավ անդամ դառնալը: