24.11.2024
Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական խնդիրներ լուծելու համար. Քոչարյանի պաշտպան
prev Նախորդ նորություն

Երևանում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե 2019-ը»

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2019 թվականի սեպտեմբերի 7–ից դեկտեմբերի 15-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ նախագահի և տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ներկայացնում է «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը»։

«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի» բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:

2019թ.-ի սեպտեմբերի 7–ից նոյեմբերի 7–ն ժամանակահատվածը նվիրված է այս եզակի մրցույթի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից Երևանում հավաքված և գեղարվեստական տպագրության որոլտում ստեղծագործող արվեստագետների ցուցահանդեսին: «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի» մրցույթային ցուցահանդեսում ներկայացված են 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք:

«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի» ծրագիրը բաղկացած է երկու բաժնից.

-Մրցութային ցուցադրություն. 07.09. – 07.11.2019
-Հավելյալ ցուցահանդեսները 14.09. – 15.12.2019

Բիենալեի միջազգային ժյուրին բաղկացած է 5 մասնագետից, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները և արվեստագետներին։

Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաև միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան):


Սեպտեմբերի 10-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե Երևան 2019–ի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության կապակցությամբ ժյուրին կշնորհի «Գլխավոր մրցանակ» (մեդալ), Առաջին մրցանակ (մեդալ), Երկրորդ մրցանակ (մեդալ) և Երրորդ մրցանակ (մեդալ), Հատուկ մրցանակներ՝ «Համահայկական հիմնադրամ»-ի, «Ռուսական գիտամշակութային կենտրոն»-ի կողմից, ինչպես նաև Պատվոգրեր՝ առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ուշագրավ գործերի համար:

Բոլոր արվեստագետներին, հյուրերին ու այցելուներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի» մրցույթային ցուցադրությունում ներկայացված աշխատանքներին մինչև 2019թ.-ի նոյեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայանալիք բիենալեի մրցույթի Փակման հանդիսավոր արարողությունը:

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019–ի» երկրորդ մասը սևեռված է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության վրա: Գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող հինգ անհատական ցուցահանդեսները՝ Լեհ արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ, Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017–ի Երկրորդ մրցանակակիր Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային ցուցահանդեսը (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից), հայ հանդիսատեսին և արտերկրից ժամանած հյուրերին, այցելուներին կօգնեն պատկերացում կազմել լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտում զարգացման ներկայիս միտումների վերաբերյալ: