Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ-ի հետ քննարկել Ադրբեջանում հայտնված է ՊԲ զինծառայողի ճակատագիրը
Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը, և հաստատել Արցախի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:
Օգոստոսի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին հայ զինծառայողի կողմից մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակից հաստատեցին, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողը Արայիկ Հայկի Ղազարյանն է, ով ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, լքել է մարտական դիրքը:
Ադրբեջանական կողմը պնդում է, թե զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Հայկական կողմը այդ տեղեկությունները քարոզչություն է որակում և զինծառայողին հետ վերադարձնելու նպատակով դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին: