25.11.2024
Չինարին այլևս չի գնդակոծվի, ՀՀ մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Փաստերը գլխիվայր է ներկյացնում. ակտիվիստը բոյկոտել է Փաշինյանի հետ հանդիպումը

Լուսանկարում ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանն է
Լուսանկարում ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանն է

Եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա ջերմուկցիները կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիները:


Նրանք այսօր ավելի վաղ Ջերմուկից ավտոերթով եկել են Երեւան եւ ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի մոտ:


Ակտիվիստներից Աննա Շահնազարյանը, որը մասնակցում էր վարչապետի հետ հանդիպմանը կեսից դուրս է եկել սրահից: Նա նշեց, որ վարչապետի խոսքը համոզիչ չէր իր համար. «Վարչապետը ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,-ասաց Շահնազարյանը:


Մոտ 1 ժամ առաջ նրանց էր մոտեցել նաեւ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ակցիայի մասնակիցները բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս խմբվել Բաղրամյան 26-ի մոտ՝ պահանջելով տեղափոխվել դիմացի մայթ: Ի պատասխան վարչապետի խոսնակն ասաց, որ պահանջն օրենքով է նախատեսված:


Հարցին՝ քանի՞ բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, բայց մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասաց խոսնակը` նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:


Ըստ նախնական տեղեկությունների՝ նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:


Օրակարգում՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է լինելու: Հանդիպումը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: