25.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի լիազորությունները կասեցվել են. փաստաբանները չեն լռի՞

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից։


Քրեական գործի այլ մանրամասներ չեն հայտնվում:  


Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը կասկածվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտարարել էր, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ոչ իշխանահաճո որոշում կայացնելու հանգամանքով։


Դավիթ Գրիգորյանը որոշել էր փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը և կասեցնել նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը լուծելու համար։


Փաստաբան Երվանդ Վարոսյանն այսօր անդրադարձել է այս գործին՝ նշելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատժելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին:


Փաստաբանը Facebook-ի իր էջում գրել է.


«Կարծում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը։ Առանց անկախ դատական համակարգի փաստաբանություն չկա, կան միայն ստվերային դատապարտելի գործարքներ։


Այս պահին արդեն շուրջ 50 փաստաբան իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։


Համոզված եմ, որ շուտով այդ թիվը կբազմապատկվի։


Չե՛նք լռել նախկինում, չե՛նք լռելու հիմա», - գրել է Երվանդ Վարոսյանը: