Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր
Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին նախարարը իրանցի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):