Գյումրիին կհատկացվի 23 մլն եվրո բարեկարգման ու լուսավորման համար
Գյումրի քաղաքի բարեկարգման ու լուսավորման համար նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով կներգրավվի 23 միլիոն եվրո:
Նախագահ Սերժ Սարգսյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 4-ին քննարկել են քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել, հյատնում է նախագահի մամլո ծառայությունը:
Նախագահը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա գարնանն սկսում է Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդվելու է 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի հիմնավոր լուծում տրվի նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: «Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր Հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը», - ասել է Սարգսյանը:
Նա կարծում է, որ անհրաժեշտ է և ինքն արդեն համապատասխան ցուցում է տվել ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: «Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ, և այդ աշխատանքներն ավարտել: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ», - խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այդ խնդիրները տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Նա վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:
«Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով: Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են», - ասել է Սարգսյանը: