Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Ավինյանը՝ ՄԱԿ-ի պաշտոնյային
Հուլիսի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Աքիմ Շտայների հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՄԱԶԾ հետ ծավալուն և արդյունավետ փոխգործակցությանը: Հաշվի առնելով կառավարության բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՄԱԶԾ հետ և ներգրավվել առավել հավակնոտ ծրագրերում: Հանրային կառավարման բարեփոխումները, թվայնացումը և «Աշխատիր Հայաստան» ծրագիրը առանձնացվել են որպես նախաձեռնություններ, որոնց իրականացման գործում Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ:
Փոխվարչապետը ասել է, որ Օրակարգ 2030-ի սկզբունքների ներդրումը և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) արդյունավետ կյանքի կոչումը կարևոր գործիք է կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների համատեքստում: Ընդ որում, Օրակարգ 2030-ը և ԿԶՆ-ները կարող են ուղղորդող դեր խաղալ Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության համար:
Աքիմ Շտայները նշել է, որ նախատեսվում է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին անդրադարձ կատարել ներկայումս մշակվող երկրի զարգացման շրջանակային փաստաթղթի կազմման ընթացքում:
Զրուցակիցները կարևորել են Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի դերը հանրային կառավարման բարեփոխումների, կարողությունների զարգացման և նորարարական լուծումների խթանման գործում:
Տիգրան Ավինյանը նաև անդրադարձ է կատարել Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին և Աքիմ Շտայներին հրավիրել մասնակցել միջոցառմանը: