Մի խումբ քաղաքացիներ երեկ օրվա տարբեր ժամերին մի քանի անգամ Իջեւանում փակել են ճանապարհներ, որոնք ոստիկանության ծառայողների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում բացել են, սակայն իրավիճակն այլ է եղել արդեն երեկոյան։
Այս մասին Իջեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած բախումների վերաբերյալ։
«Երեկոյան քաղաքացիների թիվը հասել էր 500-600-ի, որոնք բոլորն էլ հրաժարվել են կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, կտրականապես հրաժարվել են բացել Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը։ Իմ կողմից որոշում կայացվեց՝ օրենքի սահմաններում հայտարարելուց հետո շղթա կազմել, քայլել առաջ, բացատրել, պարտադրել, որ բացեն ճանապարհը»,-ասաց Օսիպյանը՝ նշելով, որ ոստիկանները, սակայն, հանդիպել են դիմադրության, քաղաքացիները մահակներով հարվածներ են հասցրել նրանք, մետաղյա ձողերով, քարերով, որի հետեւանքով ոստիկանության 12 ծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․
«Հետո իմ կողմից որոշում կայացվեց լրացուցիչ ուժեր ուղարկել Իջեւան եւ ինքս անմիջապես շտապեցի գտնվել այստեղ։ Իրավիճակի մասին անմիջապես զեկուցել եմ վարչապետին ու շտապել Իջեւան։ Ինձ դիմավորել է շուրջ 30 քաղաքացի, որոնց հետ բանակցել եմ մոտ կես ժամ։ Նրանց բացատրել եմ անօրինական գործողությունների հետեւանքները, նրանք պահանջում էին որ մենք վերացնենք Տավուշի մարզում տեղադրված անշարժ պահակետերը, որոնք վերահսկում են Իջեւանից, Տավուշից ապօրինի ծառահատումները ու հատված ծառերի տեղափոխումը Երեւան կամ այլ մարզեր»,- ասաց Օսիպյանը։
Նա նշեց, որ իր հետ խոսել են պայմանով՝ պահանջել են հանել այդ պահակակետերը, չկազմել որեւէ արձանագրություն․
«Բայց ես բացատրեցի, որ ոչ միայն չեն հանվելու պահակակետերը, այլ նաեւ միջադեպի կապակցությամբ հարուցվելու է քրեական գործ ու պատասխանատուները պատժվելու են։ Մենք թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն ոստիկանության հետ, պետության ներկայացուցչի հետ, իրենք թելադրեն հետագա քայլերը»։
Ոստիկանապետն ասաց, որ, անկախ ամեն ինչից, իրենք ոստիկանն են ու կանգնած են բոլորի կողքին, բայց կան մարդիկ, որոնք այդ հանդուրժողականությունը փորձել են դիտել թուլություն: «Այո, ոստիկանությունը կիրառել, կիրառելու է ուժ, ինչը նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ», - ներկայացրել է ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Իջեւանում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության եւ պետության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։