ՃՊՏ հետևանքով պատահարները վերջին 10 տարիներին շարունակվում են և կարծես միտում ունեն աճելու: Դրա հետ մեկտեղ զուգահեռ աճում են զոհերը և վիրավորները: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա բերեց վիճակագրություն. օրինակ, 2018 թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել են 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր: 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, այսինքն՝ 342 դեպքով ավելի և 19 զոհ ավելի, ապրիլի դրությամբ 69 զոհ ունենք և 3212 վիրավոր, ինչը 476 վիրավորով ավելի է:
Նա համաձայնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ աննախադեպ ավտոմեքենաների հոսք ունենք.
«2017 թ. ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018 թ.՝ 73562, 2018 թ. 6 ամիսներին՝ 28954, իսկ 2019 թ. 6 ամիսներին՝ արդեն ունենք 25662-ով ավելի, այսինքն՝ ներկրվել է 54216 ավտոտրանսպորտային միջոց ավելի, քան 2018 թ. առաջին կիսամյակում: Եվ այստեղ ես կուզենայի նշել, որ ոչ միայն ոստիկանության գործառույթներով է սահմանափակվում այս ամենը, պարոն վարչապետ, նաև ճանապարհների վատ լուսավորությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը, աննկատ համակարգը ձևական բնույթ է կրում, կարելի է ասել, ընդհանրապես բնույթ չի կրում: Տեխզննում չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ինձ զեկուցում, որ տրանսպորտային միջոցն ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը և ընկել է ձորը: Այսինքն՝ դա հետևանք է այն բանի, որ ինչ-որ մի դետալ մաշվել է, որովհետև մեր տրանսպորտային միջոցներն այսօր թե՛ ավտոշուկայում, թե՛ ներկրողներն ընդամենը փայլացնում են արտաքնապես, բայց բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում: Նախկինում դա պարտադիր էր. պարտադիր համապատասխան կետերում անցնում էին, նոր անցնելուց հետո թույլատրվում էր շահագործումը: Կան երկրներ, օրինակ, Դուբայում, նայում են, տեսնում են՝ անվադողերն իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողերին այստեղ կտան շատ բարձր գին, բայց քանի որ անվադողը ժամկետանց է, անգամ չեն թույլատրում և պարտադրում են մինչև դա կարգի չբերի, չթույլատրել»,- ասաց նա:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չկա մի գործողություն, որով բոլոր հարցերը լուծվեն:
«Հարցերը պետք է լուծվեն հետևողական, տրամաբանված ռազմավարություն և ճանապարհային քարտեզ ունենալու միջոցով, և ես կարծում եմ, անկեղծ ասած, որ այդ միավորների համակարգը շատ լավ համակարգ է, որն էականորեն կփոխի իրավիճակը, իսկ մնացած հարցերը մեր ռազմավարությունների քննարկման համատեքստում պետք է քննարկել և ունենալ հստակ պատկերացում, թե ինչպես ենք լուծելու այդ հարցը: Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը տեղային:
Այնպես որ պետք է նախ՝ ընդհանուր ոստիկանության բարեփոխումների փաթեթում մենք ճանապարհային ոստիկանության աշխատանքը և ընդհանրապես ճանապարհային անվտանգության մասով ոստիկանության աշխատանքը պետք է վերագնահատենք, երկրորդը՝ բալային համակարգի ներդրումն է, և երրորդը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, որպեսզի քաղաքացիներն իրենք էլ հնարավորություն ունենան նաև նպաստ բերել երթևեկության անվտանգության պահպանմանը: Պայմանավորվենք, որ այս ուղղությամբ աշխատում ենք, ինչպես նաև արդեն այն, ինչ պայմանավորվել ենք՝ ուժեղացված ծառայությունները ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների հայտնաբերումը, գերբեռնված մեքենաների հայտնաբերումը և այդպես շարունակ: Սրանք շրջիկ թեմաներ են, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են, այստեղ ֆունդամենտալ լուծումներ են պետք»,- ասաց վարչապետը: