Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով իր ելույթը՝ որոշ կրճատումներով.
«...Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահի ընկերներ և իսկական ընկերներ։ Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ և կիպրացի ժողովուրդները իսկական ընկերներ են, Հայաստանը և Կիպրոսը իսկական ընկերներ են։
Դարեր շարունակ հայերը և կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, և այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական և ագրեսիվ քաղաքականությանը։ Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում։
Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարևան հանրապետության ղեկավարության կողմից։ Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրի շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է, և բերում է տարածաշրջանում անկայունության և ռազմական հակամարտության շարունակականությանը։
Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձևաչափը: Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, և հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի։
Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեև առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը և Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման և Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով:
Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է և դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Թուրքիայի կողմից դրսևորած նման ապակառուցողական և անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը։
Բարեկամ Կիպրոսը իր կարևորագույն դերն է ունեցել նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձևը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին և վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին:
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի հայկական համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ և պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին այդ հայերին պատսպարելու և իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ կիպրահայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեն Կիպրոսի հասարակական և քաղաքական կյանքում և Կիպրոսի զարգացման մեջ:
Խոսելով արդեն ապագայի պլաններից՝ պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Այս առումով երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ։ Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարևոր ձևաչափ է:
Չափազանց կարևորում եմ նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջև բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ կերպով օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը:
Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի և ապագայի մասին իմ պատկերացումները։
Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման և պահպանման։
Զիտո՛ Կիպրոս,
Զիտո՛ Արմենիա,
Կեցցե՛ հայ - կիպրական հարատև բարեկամությունը»։