Ռուսական ռազմական ներկայությունը՝ Հայաստանի «անվտանգության բարձիկ»
Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը համահունչ է ՀՀ-ի շահերին և ծառայում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Երիցյանը:
Ըստ նրա, ՀՀ-ի ՊՆ-ի համար կարևոր է, որ այդ խմբավորումը տեղակայված է ՀՀ-ի տարածքում:
Հայ-ռուսական միացյալ զորախումբը ՀՀ-ի անվտանգության լրացուցիչ տարրերից մեկն է՝ հայկական զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հետ միասին:
Այդ զորախումբն ամրապնդում է հայ-ռուսական դարավոր ռազմական համագործակցությունն ու մեսիջ է տարածաշրջանային բոլոր խաղացողներին, առաջին հերթին ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող թուրք-ադրբեջանական տանդեմին:
Միացյալ զորախումբը նպաստում է հայկական զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու կարող է անհրաժեշտության դեպքում կանգնել ՀՀ-ի սահմանների պաշտպանության դիրքերում՝ այդ կերպ թույլ տալով լրացուցիչ ուժեր կենտրոնացնել այլ ուղղությունների վրա, այդ թվում Արցախում:
Ընդհանուր պաշտպանական համակարգի մեջ հայ-ռուսական միացյալ զորախումբն ՀՀ-ի ռազմավարական ռեզերվն է, որը կարող է օգտագործվել ՀՀ-ի անվտանգության համար կրիտիկական պահերին:
Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունն ապահովում է ՌԴ-ի սահմանապահ զորքերը, իսկ միացյալ զորախումբը կարող է օպերատիվ կերպով հասնել սահմանների այն հատվածներ, որոնք այդ պահին ավելի խոցելի կլինեն հակառակորդի կողմից:
Միացյալ զորախմբի մեջ առկա ռուսական զորքերը զսպող գործոն են Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ ռուսական զինվորականների խոցումը կնշանակի ուղիղ ռազմական բախում ՌԴ-ի պես գերտերության հետ:
Հայաստանի համար ռուսական ռազմական գործոնի առկայությունը հայկական տարածքում՝ «անվտանգության բարձիկ» է թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի պայմաններում: