Երևանից՝ Արցախ. Փաշինյանն ազատեց, Բակո Սահակյանը պաշտոն տվեց
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշենք, որ 2018-ի հուլիսի 7-ին ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ. Facebook-ում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:
Իսկ արդեն հուլիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: