27.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք դեսպաններ է նշանակել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինքնախոստովանական ցուցմունք՝ պատրաստվել են սպանել Ռոբերտ Քոչարյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն` այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր և սարքեր: «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ քրեական գործը հարուցվել է անձամբ Ստեփան Ս.-ի հաղորդման հիման վրա, այսինքն՝ տարիներ անց նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Բայց ամենաուշագրավը պետական գործիչն է, որին Արարատի մարզի բնակիչը պատրաստվել է սպանել, բայց հանցագործությունն ավարտին չի հասցրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և անգամ տվել են պատվիրատուի անունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության պատճառով աշխատանքից ազատվել է Դավիթ Անանյանի հարազատ եղբայրը, որը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Մեզ հայտնի դարձավ, որ այս պաշտոնանկության «պատասխանը» չի ուշացել, և դրանից անմիջապես հետո աշխատանքից ազատվել է ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետ Արթուր Մարտիրոսյանը, ով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի աներձագն է՝ կնոջ եղբայրը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում կիրակի երեկոյան իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ունեցել. ԲՀԿ-ի հովանավորյալ Վահագն Գեւորգյանի շտաբի դիմաց գտնվող «Տարոն» ռեստորանում հանգրվանած ՔՊ ողջ տուսովկան` պատգամավորներից մինչեւ Երեւանի թաղապետեր` Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, սպասել են արդյունքներին։ Առաջին 2 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո ռեստորանից ուրախության ճիչեր են լսվել՝ ՔՊ-ական թեկնածուն 160 ձայնով առաջ է եղել։ Արդյունքների ամփոփվելուն զուգընթաց` ուրախության ճիչերը տեղափոխվել են դիմացի մայթ` Գեւորգյանի ֆաներն են սկսել հրճվել, իսկ ՔՊ-ականները նստել են մեքենաները եւ հեռացել: Ի դեպ, ԲՀԿ-ն 2 շտաբ է ձեւավորել․ մեկը համակարգել է Վահագն Գեւորգյանը, մյուսը` ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն): Աբովյանը ողողած ԲՀԿ-ական պատգամավորներն «աշխատել» են գործընկերոջ շտաբում: Հաղթանակը հայտարարելուց հետո` գիշերվա ժամը 12-ին Գեւորգյանն այցելել է Առինջ` Գագիկ Ծառուկյանին, որի դեմքը, ըստ ականատեսների, փայլելիս է եղել: Հիմա Ծառուկյա՞նը հաղթեց Նիկոլին, թե՞ Էդոն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Վահագը հաղթեց Ռոմանոսին՝ համեստ, չկոռումպացված, իր գործն իմացող Վահագը։ Մի մոռացեք, որ նա Նազարյան Վոլոդյայի (նախկին դատախազ) շկոլայի մարդ է, այնպես որ` նորմալ է»,- ասաց ԲՀԿ-ականը»:


«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրահանգները սկսել են հունից հանել իրավապահներին։ Հատկապես ԱԱԾ աշխատակիցները խիստ զայրացած են, որ ցանկացած առիթով Փաշինյանն իրենց է հրահանգում այս կամ այն երեւույթի դեմ պայքարել, հաշվի չառնելով` դա իրենց գործառու՞յթն է, թե՞ ոչ։ «Լրիվ «օբեխեես» են մեզ դարձրել»,- դժգոհել են անվտանգության աշխատակիցները, հավելելով, որ իրենցից ոչինչ կախված չէ, ինչ հրահանգում են, պարտավոր են անել։ Հիմա էլ սեւազգեստ խմբերի դեմ պիտի պայքարեն` բոլոր գործերը մի կողմ թողած։ Փաստորեն, ըստ Փաշինյանի, սեւազգեստ մարդիկ ազգային անվտանգությանը սպառնացող այնքան մեծ վտանգ են ներկայացնում, որ առաջնահերթ պետք է նրանցով զբաղվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին եւ ելույթ ունեցել: Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տեւած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։ ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ եւ 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։ Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր։ Արմեն Աշոտյանը հրաժարվեց խոսել այս թեմայով։ Գույքի մասում, մեր տեղեկություններով, շոշափվում է նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անունը»:


«Իրատես» թերթը գրում է. «Արցախի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հանգիստ, անցնցում իշխանափոխություն իրականացնել, ինչը տրամաբանական ու անհրաժեշտ է՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում գտնվող պետության հանգամանքը։ Սակայն որոշ ուժեր, այդուհանդերձ, փորձում են այս ամենին սրություն հաղորդել եւ ինտրիգներ հրահրել։ Այս պահին, ըստ արցախյան մեր աղբյուրների, նախագահի թեկնածուների մեջ ֆավորիտն անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է, եւ արցախցիների համակրանքը հիմնականում նրա կողմն է։ Բավական ուշագրավ են նաեւ Արցախի ընտրություններում հայաստանյան տարբեր ուժերի եւ իշխանության հավակնությունները։ Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ օրուգիշեր «հեղափոխականների» քաղաքականությունը գովերգող Արա Հարությունյանին են նախընտրում, մյուսները լուրջ վերապահումներ ունեն նրա հարցում։ Իսկ Վիտալի Բալասանյանին, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Հայաստանից իրենց աջակցությունն են հայտնել եւ՛ Ռոբերտ Քոչարյանը՝ սեփական թիմով, եւ՛ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով։ Ասում են, հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանի հանդեպ խիստ ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»: Միաժամանակ նա մեկնաբանել է. «Այն ամենը, ինչ գիտեք, եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար, նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն գիտական հիմք, այդ ամենը ուսումնասիրելով` ես նպատակահարմար եմ գտել ներկայացնել հրաժարականի դիմում»։ Զեյնալյանը նաեւ տեղեկացրել է, որ իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել, այլ տեղյակ է պահել մտադրության մասին: Այսպիսով, նկատենք, որ Արտակ Զեյնալյանը որոշել է իր հրաժարականի պատճառների մասին խոսել ակնարկներով՝ մատնանշելով «հրապարակումներն ու տեղեկատվական հոսքերը»: Եթե նա նկատի ունի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատությունները, արտահայտած դժգոհությունները, ապա, համաձայնեք, սա չպետք է հրաժարականի պատճառ դառնար, եթե ինքն, այնուամենայնիվ, վստահ է, որ ճիշտ է իր գործողություններում: Նախարարը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ իր ճշմարտացիության մեջ համոզեր գործընկերներին ու հանրությանը: Իսկ եթե կան այլ պատճառներ, ապա ցանկալի կլիներ, որ Զեյնալյանն այս ամենի մասին խոսեր բարձրաձայն»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել եւ դրա համար ցանկանում է իրավական կարգավիճակ ստանալ՝ գրանցվելով որպես իրավաբանական անձ: Այս տեղեկությունները մեզ հետ զրույցում հաստատեց նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակցությունն ունենալու համար մի քանի օր առաջ արդարադատության նախարարության պետական ռեգիստր ենք հանձնել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի գրանցվենք որպես հասարակական կազմակերպություն»: Իսկ ի՞նչ է նշանակում ակտիվանալ կամ «իրական մասնակցություն»: Նախաձեռնության ղեկավարը մանրամասներ չի նշում՝ ասելով, թե դրանց մասին իրենք կխոսեն հաջորդիվ: «Հ/կ-ի գրանցումը ենթադրում է, որ այսուհետ հանդես ենք գալու հրապարակային գործողություններով հասարակական-քաղաքական դաշտում: Կոնսուլտացիաներ ենք վարում գործընկեր կառույցների, քաղաքական գործիչների եւ կուսակցությունների հետ: Սա եւս մեկ ընդդիմադիր կառույց է, որը չի համակերպվում երկրում տիրող իրավիճակի հետ», - ասում է մեր զրուցակիցը»:


«Փաստ» թերթը գրում է. «Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թեւակոխում է նոր փուլ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգեւոր հայրեր» Վահե Գրիգորյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։ Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռեւս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։ Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ եւ փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձեւաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսվարողները դժգոհում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։ ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շուկան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով։ Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը։ Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կարողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը»։