Հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետ են ընտրելու: Գրանցված 6 թեկնածուից մեկն ինքնաբացարկ է ներկայացրել: 5-ը շարունակում են ընտրապայքարը:
Թեկնածուներից 4-ն ինքնաառաջադրվել են, այդ թվում գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գեւորգյանը: Գործող քաղաքապետը համարվում է Գագիկ Ծառուկյանի կադրը և լուրեր են պտտվում, որ նրա թեկնածությունը ԲՀԿ-ն է պաշտպանելու:
Աբովյան քաղաքը տասնամյակներ շարունակում համարվում էր Ծառուկյանի ուղիղ ազդեցության տակ գտնվող քաղաք, քանի որ Ծառուկյանը ծնունդով այնտեղից է, բացի այդ Ծառուկյանը բազմաթիվ բիզնեսներ ունի քաղաքում և Կոտայքի մարզում, ինչպես նաև տարիներ շարունակ բարեգործական լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Աբովյանի բնակիչների, այդ թվում՝ ուսանողների համար:
Իշխող ՔՊ կուսակցության թեկնածուն Աբովյանում Գրիգոր Գուլյանն է: Ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի Աբովյանում նախօրեին անցկացված քայլերթին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արդեն պրակտիկա է դարձել, որ այն վայրերում, որտեղ ՔՊ-ն ցանկանում է ունենալ իր թեկնածուն, Փաշինյանն անձամբ է մասնակցում նախընտրական քարոզարշավին, այդ կերպ մեսիջ հղելով տեղի բնակիչներին, թե ում է նա ցանկանում տեսնել այդ պաշտոնում, ինչպես նաև իր ռեյտինգն օգտագործում է ի աջակցություն ՔՊ-ի թեկնածուի:
Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունները վերջին շրջանում լարվել են բազմաթիվ պատճառներով: Ծառուկյանն ու ԲՀԿ-ն խիստ քննադատության են ենթարկում Փաշինյանին ու նրա կառավարությանը՝ տնտեսական ծրագիր չունենալու և երկրում առկա սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրները չլուծելու համար: Չնայած Ծառուկյանի մասնակցությանը թավշյա հեղափոխությանն ու այդ օրերին Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու փաստին, Ծառուկյանը Փաշինյանի համար հին իշխանությունների մաս է համարվում, օլիգարխիայի ներկայացուցիչ և հանրության շրջանում մեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ, ինչն անհանգստացնում է գործող վարչապետին:
Փաշինյանն ու ՔՊ-ն ցանկանում են նվազեցնել Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ազդեցությունն այդ թվում մարզերում, առաջին հերթին Կոտայքի մարզում, որտեղ մարզպետ է ՔՊ-ի թեկնածուն, ինչպես նաև Ծառուկյանի հարազատ Աբովյան քաղաքում՝ վերջինիս համար դիսկոմֆորտ ստեղծելու համար: Չմոռանանք, որ նույն մարզի մարզկենտրոն Հրազդան քաղաքի քաղաքապետ է ՔՊ-ական Սասուն Միքայելյանի որդին:
Աբովյանի քաղաքապետի ընտրություններն անցնելու են թեժ պայքարում, սակայն օրենքի շրջանակներում: ԱԱԾ և ոստիկանությունը գտնվում են Փաշինյանի հսկողության տակ, դա նշանակում է, որ բացառվում է ընտրակաշառքի և այլ ոչ օրինական միջոցների կիրառումը: Վարչական ռեսուրսի կիրառման կամ քաղաքացիների ընտրության վրա ուժով ազդելու դեպքերը նույնպես արագ կբացահայտվեն: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու բաց ընտրություն և այս պարագայում քաղաքապետ է դառնալու այն թեկնածուն, ում ձայն կտա աբովյանցին:
Փաստն այն է, որ նախկինում քաղաքապետերի, գյուղապետերի ու մարզպետերի մասայական հանրապետականուցումից հետո գրեթե բոլոր վերոնշյալ պաշտոնյաները ՀՀԿ-ական էին, այժմ մարզպետեր ու քաղաքապետեր են ՔՊ-ի անդամները: Թավշյա հեղափոխության արդյունքում մարզերում վարչական ռեսուրսն անցնել է ՔՊ-ի ձեռքը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում շարունակվում է կառուցվել միակուսակցական համակարգ, ինչը վտանգավոր է ՀՀ-ի ներքաղաքական կայունության և ժողովրդավարության համար:
Աբովյանի քաղաքապետի ընտրությունները ցույց կտան նաև Փաշինյանի անձնական վարկանիշը, քանի որ նա եկել էր իր աջակցությունը հայտնելու և ուղղորդելու աբովյանցիներին քվեարկել իրենց թեկնածուի օգտին: