25.11.2024
Ոստիկանները Սյունիքում հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել
prev Նախորդ նորություն

ՀԾԿՀ-ն տուգանեց «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրեց ՀԷՑ-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ:


Ինչպես հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, ինչպես նաև ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները՝ հանգեցնելով մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը և խոչընդոտելով հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։


Ուստի, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվեց` 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։


Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվել է:


Համաձայն հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ սահմանված լրացուցիչ պահանջների կատարման մոնիթորինգի կարգի, հանձնաժողովը իրականացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի 1-ին եռամսյակում կայացած «Լոտ1- Տաշիր քաղաքի Երևանյան և հարակից փողոցների բաշխիչ ցանցերի վերակառուցում» գործարքի մոնիթորինգ:


Արդյունքում պարզվել է, որ մատակարարման պայմանագրով սահմանվել է գնման առարկայի դիմաց վճարումն իրականացնել վեց տարվա ընթացքում, այդ կերպ խախտելով հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի №391Ա որոշմամբ սահմանված հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների 6-րդ կետը՝ սահմանելով վճարման երկար ժամկետ, դրանով իսկ սահմանափակելով մրցակցությունը:


Ուստի լրացուցիչ պահանջների 6-րդ կետի խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվեց։