24.11.2024
Երևանում «տեռորիստական գործողություններ» են կանխվե՞լ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Երևանում ընտրակաշառք են բաժանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Երևանի տարբեր համայնքներում սկսել է ընտրակաշառքի բաժանման ցործընթացը։ Մասնավորապես խոսքը Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների մասին է, որտեղ ընտրակաշառք բաժանողների մի քանի թիմ է միաժամանակ աշխատել։ Շենգավիթ համայնքում մարդկանց տներ են այցելել նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին աշխատող թաղային հեղինակությունների «ոտավորները», որոնք ցուցակագրել են մարդկանց՝ որպես «այո»-ի կողմնակիցներ։ Հեռախոսների և ամանորյա սննդային տոպրակների խոստումներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Այստեղ «այո»–ի քարոզիչներն ավելի խորամանկ «տրյուկի» են դիմել: Նրանք բնակիչներին հայտնել են, թե ընտրատեղամաս գան-չգան «այո»–ն անցած-պրծած է, իսկ ամանորյա տոպրակները ուղղակի նվեր են լինելու Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար։ Հավելենք, որ ընտրակաշառքից բացի մարդկանց խոստանում են հեռախոսներ նվիրել։ Իրականում դրանք հիմա բաժանվում են՝ ապագայում հետ հավաքելու նպատակով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մի հաղորդագրություն է տարածել, որի միայն վերնագիրն առավել քան խոսուն է: «Դատախազի պահանջը քննիչի կողմից պետք է կատարվի անհապաղ. ՍԴ». այսպես է վերնագրված երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի մասին հաղորդագրությունը: Հիշեցնենք, որ այս տարի մի քանի անգամ ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվել էր դատախազության պահանջով քրգործերը տրամադրել: Արդյունքում, դատախազությունը հարցը վիճարկել էր ՍԴ-ում: Ըստ այդմ, ՍԴ որոշել է, որ դատախազի պահանջով քննիչը պարտավոր է անհապաղ գործը տրամադրել նրան: Այլ կերպ ասած՝ դատախազություն-քննչական կոմիտե հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։ Արա Աբրահամյանը մենակ է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք է ժամաներ Հայաստան՝ եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ Արա Աբրահամյանը, ինչպես միշտ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։ Ի դեպ, տնտեսական այդ «նախապատրաստություններին» զուգընթաց, Աբրահամյանն զբաղված է նաև հայաստանյան քաղաքական և մեդիա ոլորտում համախոհների հավաքագրմամբ։ Ընդ որում, այդ գործը նա կատարում է Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցված։ Ալամ աշխարհի հայերի միության նախագահն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի կայքերի խմբագիրների հետ՝ իրեն և իր աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու համար, որովհետև առաջին ասուլիսի «տառապանքի փորձը» նրան ապացուցել է, որ հանպատրաստից հայաստանյան դաշտ մտնելն ականապատված տարածք ոտք դնելուն է հավասար, ուստի պետք է դաշտը պատրաստել նոր «մուտքի» համար։ Կայքերը, որոնց հետ համագործակցություն է սկսել Արա Աբրահամյանը, չցանկացան պատասխանել այս առնչությամբ իրենց ուղղված մեր հարցերին»:

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Այդ թվում՝ նաև ռուսական 200 մլն դոլարանոց ապրանքային վարկը, որով նախատեսվում է համալրել մեր երկրի սպառազինությունների բազան։ Այս վարկի օգտագործումը դեռ չի սկսվել։ Ուստի այն պարտքի ցուցանիշներում ներառված չէ։ Այնպես, ինչպես ատոմակայանի վերազինման նպատակով ստորագրված 270 մլն դոլարանոց վարկը»: