Հեռանկարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի զարգացումն է
Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան` ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող փոխայցելությունները և հանդիպումները նոր լիցք են հաղորդում հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությանը և քաղաքական օրակարգի խթանմանը:
«Մեզ միավորում են քաղաքակրթական ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Մեր պարտավորությունն է գործնական քայլեր ձեռնարկել մեր երկու երկրների միջև առկա հարաբերություններն առավել զարգացնելու և նշանակալիորեն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ», - նշեց ԱԳ նախարար Մնացականյանը:
Որպես համագործակցության կարևոր ուղղություններ զրուցակիցներն ի թիվս այլոց առանձնացրեցին զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտները, որտեղ առկա են համագործակցության ընդլայնման հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափում:
Ընդգծելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորման կարևորությունը՝ կողմերը հույս հայտնեցին, որ այն կարող է անհրաժեշտ շրջանակ ապահովել գործնական համագործակցության արդյունավետ զարգացման համար: Այս առնչությամբ զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ գործադրվող համատեղ ջանքերը:
Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կարևորեց այդ համաձայնագրի շրջանակներում Կիպրոսի հետ համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: