Հարկային օրենսգրքում փոփոխությունները հակասում են սոցիալական պետության պահանջներին. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որով անդրադառնում է ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որով առաջարկվում է եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը փոխարինել համահարթ (մեկ միասնական) դրույքաչափով:
«Առաջարկությունը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու, սերունդների միջև հանրային համերաշխության ապահովման, սոցիալական պետության սահմանադրական պահանջներին:
Այն հակասում է նաև երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու՝ կառավարության կողմից տրված խոստումներին:
Համահարթ եկամտահարկի ներդրմանը դեմ են արտահայտվում հանրության մասնագիտական և երիտասարդական լայն շրջանակներ, ձևավորվել է «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժում՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի:
Արժևորելով և քաջալերելով դեմ արտահայտվողների վճռականությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը անընդունելի է համարում կառավարության ներկայացրած առաջարկությունը, պահանջում է հրաժարվել դրանից:
Հրապարակելով ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի կողմից ներկայացվող տեսակետը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է համատեղ քննարկել դրանով ներկայացվող այլընտրանքային լուծումները»,- ասված է հայտարարության մեջ: