Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշման համար՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում թաքցնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Կազմակերպության՝ Միացյալ Թագավորության ծրագրերի տնօրեն Քեյթ Ալենն ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները, լրագրողները, իրավապաշտպանները, բլոգերները ենթարկվում են հետապնդումների, իսկ անարդար դատական որոշումները շարունակում են սովորական երևույթ մնալ:
Նրա խոսքով՝ որոշ երկրների կառավարություններ շատ հաճախ են սկսել օգտագործել հեղինակավոր սպորտային միջոցառումները՝ ռեպրեսիվ քաղաքականությունից, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերից շեղելու և թափանցիկ ու բաց լինելու տպավորություն ստեղծելու համար, իսկ Բաքվում Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղը այդպիսի վերջին դրսևորումն է:
Նշվում է նաև, որ ադրբեջանցի իրավապաշպանների խոսքերով Ադրբեջանում ավելի քան 150 մարդ քաղաքական դրդապատճառներով բանտում է, զանգվածային ձերբակալություններ են իրականացվում մեդիային լռեցնելու, ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Պարբերականը հիշեցնում է, որ ՈՒԵՖԱ-ի հասցեին քննադատություններ են հնչում նաև նրա համար, որ երկրպագուների համար դժվար է Բաքու հասնելը, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակից թիմերի «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուներին միասին ընդամենը 12 հազար տոմս է հատկացվել:
Կազմակերպության՝ Միացյալ Թագավորության տնօրենի հայտարարությունը հաջորդում է «Արսենալ»-ի հաղորդագրությանն այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղին:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ Բաքու չի մեկնի և չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին: