24.11.2024
Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. նախագահ
prev Նախորդ նորություն

Իրականում դավադրությունների առումով մտահոգություններ ունենք․ Արմեն Գրիգորյան

Իրականում դավադրությունների առումով մտահոգություններ ունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ դավադրություն նկատի ուներ, որի մասին հայտարարել է Իրանում եւ ապա օրեր առաջ իր ելույթում։


«Վարչապետը հնարավորինս դրա մասին պարզ խոսել է, իրականացում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին եթե անհրաժեշտություն լինի, կխոսենք»,–նշեց նա։


Հարցին՝ այդ դավադիրները ներսի, թե դրսի ուժեր են, Ախ քարտուղարը պատասխանեց. «21-րդ դարում ներքին ու արտաքին տարանջատելը դժվար է, դրանք իրար հետ որոշակի փոխկապակցված են, շատ հաճախ ներքին գործընթացները արտաքին ազդեցություն են ունենում»։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին իր հայտնի ելույթում ասել էր. «Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:


Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:


Իմիջիայլոց, կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»: