24.11.2024
Հայաստանը խստագույնս դատապարտում է Փարիզի ահաբեկչությունները
prev Նախորդ նորություն

"Այս պատմության ետևում թուրքերն են": Ուկրաինայում ՀՀ դեսպանը հերքում է իր մասին հրապարակումները

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքում է պնդումները, թե ուկրաինացի նախկին պաշտոնյայի առանձնատունն ընտրելով իր նստավայր՝ ապահովել է վերջինիս ունեցվածքի անձեռնմխելիությունը։

«Ես ի՞նչ կապ ունեմ այդ տան հետ։ Ես նախ այդ մարդուն չեմ ճանաչել, ես նրան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով է»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը, հայտնում է Ազատությունը։

Նախօրեին ուկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը: Մայրաքաղաք Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է հայտնվել: Ուկրաինական լրատվամիջոցը փաստում է՝ առանձնատան սեփականատերը Մարինա Ժուրավլյովան է՝ Յանուկովիչի իշխանության տարիներին Անտառային ռեսուրսների գործակալությունը ղեկավարած Վիկտոր Սիվեցի կինը:

Թերթը հիշեցնում է նաև, որ փակված չէ Ուկրաինայի նախկին գլխավոր անտառապետի մասնակցությամբ այսպես կոչված մարկետինգային ծառայությունների սխեմաների գործը, որով նա որպես կասկածյալ է անցնում: Քրեական այս գործը վերաբերում է բազմամիլիոնանոց գործարքների, որոնք կնքվել են օֆշորային տարբեր ընկերությունների հետ: Թերթի հավաստմամբ՝ միլիոններ կուտակած Սիվեցի ամբողջ ունեցվածքը գրանցված է կնոջ անունով: Մայդանից հետո Մոսկվայում հաստատված Սիվեցի բիզնեսների մեծ մասը դեռևս հայրենիքում է. դրանցով հիմնականում զբաղվում է Ժուրավլյովան, ով ժամանակ առ ժամանակ այցելում է Ուկրաինա և իջևանում հենց այն տանը, որն էլ այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրն է, գրում է թերթը։

Դեսպանը համոզմունք հայտնեց, թե այս պատմության ետևում թուրքերն ու ադրբեջանցիներն են, որոնք նպատակ ունեն սևացնել իր անունը։ «Ախր ես չեմ հասկանում՝ իմ կատարած հանցանքը ո՞րն է»,- հարցնում է Մանուկյանը.- «Ի՞նչ հանցանք եմ կատարել... որ տո՞ւն եմ վարձել։ Ուրեմն էդ դեպքում բոլոր մարդիկ հանցագործ են, ինչպես վարձակալելն է հանցագործություն, նույն կերպ էլ տանը ապրելը»։

Իրականում, Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, ինքը առանձնատունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը։ Ավելին՝ չի ճանաչում Սիվեցին, ոչ էլ գիտեր Ժուրավլյովայի ով լինելը։ Պնդում է՝ իր մտքով չի էլ անցել, որ վարձակալելով այդ շենքը՝ ինչ-որ մեկի համար անձեռնմխելիություն է ապահովում։

«Ես այդ տունը վարձակալել եմ 2013 թվականի սեպտեմբերին։ Էն ժամանակ Յանուկովիչն էլ էր իշխանության, որևէ մեկը չէր գուշակում, որ Յանուկովիչը կարող է դավաճանի էս երկրին, փախնի, սրիկայություն անի ժողովրդի հանդեպ։ Ես կնքել եմ պայմանագիրը տանտիրոջ հետ՝ Մարինա Ժուրավլյովա։ Իմիջիայլոց, վճարում եմ անձամբ իմ գումարներից, պետական միջոցներից չեմ վճարում։ Վճարում եմ այնքան, որքան վճարում էի մեծ բնակարանի համար։ Բայց ինձ ավելի ձեռնտու է մասնավոր տունը, որովհետև ընդունելություններ են լինում։ Պայմանագիր եմ կնքել, վարձակալ եմ։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ տանտիրոջ հետ։ Ես այդ մարդուն չեմ ճանաչել, ոչ տեսել եմ, ոչ գիտեմ՝ ով է»,- ասաց դեսպանը։