Խառնաշփոթ՝ «Բագրատաշենում». ավտոմատավոր սահմանապահները փակել են առևտրականներին անգարում
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:
Ինչպես հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։
Բանն այն է, որ առեւտրականները մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք սակայն անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։
5–րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առեւտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում ըստ առեւտրականների պատմածի՝ հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաեւ ԱԱԾ-ն՝ նշելով, որ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում: