«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է երեկ՝ 2019 թ. մայիսի 21֊ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան։
«Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին ու նրա մշակույթը։Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարևոր և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Օպերայի շենքի մոտից ոստիկանները նախօրեին բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս պահին ակտիվիստներն ազատության մեջ են:
ՀԿ-ի անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մոտ:
«Սասնա Ծռերը» շարունակում են ՀՀ-ում իրականացնել հակառուսական քարոզ և ամենուր փնտրել «Մոսկվայի ձեռքը»: Ադեկվադ ՀԿ-ի անդամները հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կոշտ քննադատությամբ ու տարբեր ակցիաներ ու ֆլեշմոբեր են իրականացնում: Այդ ՀԿ-ի անդամներն ոչ մի կապ չունեն ՌԴ-ի հետ, սակայն «Սասնա Ծռերը» փորձում են ՀՀ այսօրվա կառավարության դեմ ցանկացած ակցիա կապել Մոսկվայի հետ, ինչը սխալ մոտեցում է և ոչ մի փաստարկ իր մեջ չի պարունակում:
Ծռերն իրենց հակառուսականության մեջ հասնում են աբսուրդի, երբ ՀՀ քաղաքացիներ ակտիվիստներին անվանում են ռուսական 5-րդ շարասյուն՝ սառը պատերազմին բնորոշ կլիշեներն այդ կուսակցության լեքսիկոնում հաճախ են հանդիպում: Նրանք իրենց գործունեության մեջ պայքարում են իրենց տերմինաբանությամբ Ռուսական կայսրության և ՀՀ-ում ռուսական կայսերական դիրքերի և շահերի ամրապնդման դեմ:
Այս անգամ պաշտպանելով ՀՀ-ում ԵՄ-ի դեսպանին, Ծռերը հերթական անգամ ցանկացան ցուցադրել իրենց գեոպոլիտիկ ուղղվածությունն ու հակառուսական պլատֆորմը, որպեսզի ստանան թե՛ ԵՄ, թե՛ ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը: Հակառուսականությունը հետխորհրդային տարածքում լավ է վճարվում ու տարբեր ուժեր փորձում են ստանալ Արևմուտքի ֆինանսա-քաղաքական աջակցությունը՝ ՌԴ-ի և հայ-ռուսական հարաբերությունների խորացման դեմ պայքարելու համար:
Հակառուսական պլատֆորմն ու հայ-ռուսական հարաբերությունների վնասող ակցիաները վտանգում են առաջին հերթին ՀՀ-ի ազգային անվտանգությունն ու Արցախը, քանի որ ՌԴ-ն ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, հակակշիռն ընդդեմ ՆԱՏՕ-կան Թուրքիայի և ՀՀ զինված ուժերի ռազմա-տեխնիկական գլխավոր մատակարարն ու գործընկերը: