Հայաստանի դատարանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակվել են և այս պահին դրանք չեն գործում: Իշխանությունների հորդորով Փաշինյանի կողմնակիցները խաթարում են դատական համակարգի աշխատանքը, ֆլեշմոբի նմանվող այդ ակցիաները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների մի զգալի հատվածի իրավունքները, ովքեր այսօր պետք է մասնակցեին տարբեր դատական նիստերի:
ՀՀ-ում ներքաղաքական պայքարը տանում է երկիրը դեպի ամբողջական կոլապս՝ դատական համակարգը ճնշումների է ենթարկվում ինչ-որ խմբերի կողմից, որոնց անվանում են ժողովուրդ:
Արցախի հերոսները թիրախավորվում են և սոցցանցերում նրանց նկատմամբ ուղղորդված թշնամական վերաբերմունք է ցուցաբերվում: Հասարակությունը պատերազմի նախաշեմին պառակտվում է հայաստանցի-ղարաբաղցի սկզբունքով, որի մասին Ադրբեջանը կարող էր միայն երազել Ադրբեջանը, որպեսզի ՀՀ-ի ներսում ստեղծվի քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակ:
1990-ականների Ադրբեջանում քաղաքացիական պատերազմ ու ներքաղաքական կոլապս էր, ինչն էլ թույլ տվեց Արցախին, օգտվելով Ադրբեջանում քաոսից, հասնել հաղթանակի ու ընդլայնել Արցախի սահմանները: Այժմ պատմությունը կրկնվում է. Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի Ղարաբաղը զենքի ուժով հետ բերելու համար՝ օգտվելով ՀՀ-ի ներքաղաքական քաոսից:
ՀՀ-ի իշխանությունները զբաղված են ներքաղաքական հաշիվներ մաքրելով և ընդդիմախոսների դեմ արշավով՝ ֆլեշմոբերով ու տարբեր ակցիաներով հասարակության ուշադրությունը շեղելով հիմնական սոցիալ-տնտեսական մեծ խնդիրներից, որոնցից ոչ մեկը չի լուծվել այս մեկ տարվա թավշյա կառավարման ընթացքում:
ՀՀ ներքաղաքական իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու տարբեր խմբերի՝ նիկոլականներ և հականիկոլականներ սկսեն ուղիղ բախումներ: Մեծ է նոր մարտի 1-ի կրկնման վտանգը: ՀՀ իշխանությունները հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների՝ այդ կերպ թիրախավորել հասարակության մի մեծ խմբին, որոնց նկատմամբ կարող է կիրառվել նաև ֆիզիկական բռնություն:
Ատելության մակարդակը մեկը մյուսի նկատմամբ հասել է գագաթնակետին: Փաշինյանը պետք է ոչ թե խրախուսի այսպիսի տրամադրություններն իր ներթիմային շահերից ելնելով, այլ հասարակությանը համախմբման, զսպվածության կոչ անի: Սակայն նոր իշխանությունները տեսնում են իրենց վարկանիշի աննախադեպ անկում և հնարավոր է նոր քաղաքական բևեռի ձևավորման վտանգ՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:
Ներքաղաքական սրացումը ՀՀ-ում ուղիղ հարվածելու է Արցախի անվտանգությանը: Բաքուն սպասում է, թե երբ են ՀՀ-ում սկսվելու բախումները հասարակության տարբեր հատվածների միջև, որպեսզի Արցախում սկսի ռազմական գործողությունները: Արցախի թիկունքը ՀՀ-ն է, որի կազմաքանդումը իր հետ կբերի հայկական երկու պետությունների՝ Հայաստանիու Արցախի կործանմանը, ինչը չի կարելի թույլ տալ: