25.11.2024
«Սասնա Ծռերի» հակառուսական օրակարգը՝ սպառնալիք ՀՀ-ին ու Արցախին
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ի տնօրենի անունից բլոգերին առաջարկել են հերքել Facebook-յան իր գրառումներից մեկը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյաը նամակ է գրել բլոգեր Գարեգին Միսկարյանին, որում առաջարկել է նրան հերքել ֆեյսբուքյան իր գրառումներից մեկը Վանեցյանի ընտանիքի ծաղկի բիզնեսի մասին:


Ենգիբարյանը նամակում նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։


Միսկարյանի գրառումը հիմնված է եղել «Հետք» պարբերականի երկու հրապարկման վրա, որոնցից մեկում մասնավորապես նշվում է, որ ՀՀ ծաղիկ ներկրող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-ն՝ ստեղծված 2012 թվականին: Ընկերության սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է՝ Արթուր Վանեցյանի հայրը:


Մյուս հրապարակումը «Հետքում» արվել է Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, որում անդրադարձ է կատարվում նրա ընտանիքին պատկանող բիզնեսներին, այդ թվում և՝ «Ավ գրուպ» ՍՊԸ-ին:


Միսկարյանը գրել է՝ չնայած, որ լրատվական գործունեություն չի իրականցնում, «այնուամենայնիվ, ընդունում է Ենգիբարյանի առաջարկը, և որպես բարի կամքի դրսևորում, հերքում է, որ հավատում է Վանցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերին»:


«Սրանք էլ այն հղումները, որոնց այլևս չեմ հավատում», - գրել է նա՝ տեղադրելով «Հետքի» հրապարակումները:


Անդրադառնալով Ենգիբարյանի նամակի բովանդակությանը, Միսկարյանը տարակուսել է, որ այնտեղ նշված է իր կուսակցական պատկանելությունը:


«Ինչո՞ւ է նամակը ուղղված «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին, և ոչ թե քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Ի՞նչ ենթատեքստ կա իմ քաղաքական գործունեությունը նշելու մեջ։ Եթե կուսակցական պատկանելությունը նշելը չունի որևէ ենթատեքստ ու պարզապես այն վերցված է իմ ֆեյսբուքյան պատից, արդյոք նամակը կուղղեիք «Բորոտների ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Գարեգին Միսկարյանին», եթե այնտեղ նման տեղեկություն լիներ հրապարակված։ Ասածս ի՞նչ է, փոխանակ հնարավորինս խուսափեք քաղաքացուն կապել քաղաքական կողմնորոշման, գործունեության հետ, անիմաստ տեղը «քաղաքականացնում» եք», - գրել է նա: