25.11.2024
Դատարանը մերժեց. «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանքի տակ
prev Նախորդ նորություն

Սիրիայում քրդերը վտանգում են հայ համայնքը և սա լուրջ ահազանգ է. փորձագետ

Սիրիայում քրդերը ոչ բարեկամական քարոզչական արշավ են իրականացնում՝ վտանգելով հայ համայնքը: Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:


«Ս․թ․ ապրիլի 24-25-ին Սիրիայի քրդաբնակ շրջանները փաստացի վերահսկող, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈՒ) պատկանող լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն, տեսանյութ՝ նշված կառույցի ներսում «Հայկական գումարտակի» ձևավորման մասին։ Այս տեղեկատվության տարածումն ընդգծված քարոզչական նպատակով զուգորդվել է հայկական տարաբնույթ խորհրդանշական տարրերով՝ պաշտոնական հայտարարությունը տեղի է ունեցել հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի օրը, կիրառվել են ՀՀ դրոշը, հայ ազգային հերոսների, PKK-ի առաջնորդների դիմանկարներ, անուններ, հնչել են սիրիահայությանն ընդհանրական առումով վտանգող, տարբեր ուղղություններից թիրախավորող ապակառուցողական ուղերձներ։

Թեմայի առնչությամբ մեր կողմից համակողմանիորեն ստուգված և հաստատված տեղեկատվության համաձայն՝ հարկ է ամրագրել հետևյալ մի քանի հանգամանքները՝

1. Նախ և առաջ, որևէ կերպ խոսք չի կարող լինել առավել ընդգծված ազգային պատկանելություն ցույց տվող և անդամների մեծ քանակություն ենթադրող «Հայկական գումարտակ», գունդ, արտահայտությունների մասին, քանի որ նշված արհեստական խմբավորումը չունի համայնքային և եկեղեցական որևէ կառույցի աջակցություն։ Այն իրենից ներկայացնում է ընդամենը ՍԺՈՒ-ի կազմում անցած մի քանի տարիների ընթացքում հանդես եկած խիստ սահմանափակ թվով հայերի արհեստական համախմբում 1 միավորի ներքո։

2. Հաշվի առնելով նշված միավորի ակնհայտ հակահայկական և վտանգավոր բնույթը՝ մեծ հավանականությամբ քրդերը դրա ձևավորմանը հասել են իրենց կողմից վերահսկվող ալ-Հասաքա, ալ-Կամիշլի և Դեյր Զոր շրջաններում ընդհանուր 3000-ից մի քիչ ավել թվով հայ ազգաբնակչության անվտանգության թեման շահարկելու միջոցով։

3. Նման միավորման միջոցով քրդերը փաստացի երկակի կիրառման քարոզչական խաղաքարտ են ձեռք բերում մի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ ընթացող անհարթ սակարկություններում, մյուս կողմից՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների դեմ հնարավոր դիմակայության համատեքստում։

4. Այս տեղեկատվությունը, որպես պարարտ հող, Սիրիայում Թուրքիայի հակահայկական ծրագրերի իրականացման համար լայնորեն օգտագործվել է թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից՝ տարաբնույթ հակահայկական հավելումներով՝ ընդհուպ մինչև նշված միավորմանը «ահաբեկչական կառույց» բնորոշելու առումով։

5. Վերջին շրջանում հայկական թեմատիկայով քրդական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվությունը պարբերական բնույթ է կրում։


Ի՞նչ վտանգներով են հղի այսօրինակ նախաձեռնությունները։


1.Դրանք սեպ են խրում նախ և առաջ սիրիահայ համայնքի տարբեր հատվածների միջև, վտանգում են նրա անվտանգությունը՝ արհեստականորեն ստվերելով «դրական չեզոքության» դիրքորոշումը, որը սիրիական հակամարտության ողջ ընթացքում փաստացի զերծ է պահել համայնքին ուղղակի թիրախավորումից։

2.Նպատակ են հետապնդում խնդիրներ հրահրել սիրիահայ համայնքի և Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև առկա բավական բարձր մակարդակի հարաբերություններում։

3.Նպաստում են թուրքական քարոզչամեքենայի այն թեզին, համաձայն որի՝ հայկական կողմը լայնորեն աջակցում է հակաթուրքական «ահաբեկչական պայքարին»՝ դրանով իսկ ուղղակիորեն թիրախավորելով սիրիահայ համայնքին ԹՀ ԶՈՒ-ի կամ թուրքամետ զինված խմբավորումների կողմից։

4. Հաշվի առնելով Սիրիայում հայկական հումանիտար առաքելության գործունեությունը՝ ստեղծում են արհեստական վտանգ՝ Հայաստանին սիրիական հակամարտության ռազմական բաղադրիչին ուղղակիորեն ներքաշելու առումով»,- Facebook-ի իր էջում գրել է փորձագետը։


Նա նաև չափազանց կարևորում է, որ հայկական լրատվամիջոցները լրջությամբ և պատասխանատվությամբ մոտենան այս զգայուն թեմայի լուսաբանմանը։ Ինչպես նաև նշում, որ անհրաժեշտ է, որ ՀՀ համապատասխան մարմինները կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն՝ վերոնշյալ նաև դրան ածանցյալ այլ հնարավոր խնդիրներին բոլոր հարթություններում դիմագրավելու նպատակով։