«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
««Քաղաքացու որոշում»-ը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը», - ասված է հայտարարության մեջ։
Հետհեղափոխական ՀՀ-ում ԲՀԿ-ն հիմնականում տնտեսական օրակարգի և հստակ տնտեսական ծրագրերի բացակայության պատճառով քննադատության է ենթարկում ՀՀ-ի նոր կառավարությանն ու Իմ քայլին: ԲՀԿ-ի կողմից կառավարության քննադատությունից հետո սկսվել են ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումները, որը կառավարության մեսիջն է Ծառուկյանին ու ԲՀԿ-ին:
Գագիկ Ծառուկյանն ունի խոշոր բիզնեսներ ՀՀ-ում, ինչը էլեկտորալ լայն հնարավորություններ է ստեղծում, նրա կուսակցությունը ներկայացված է ԱԺ-ում, իսկ ԲՀԿ-ի գրասենյակներ կան ՀՀ-ի գրեթե բոլոր մարզերում: Ծառուկյանը տարիներ շարունակ բիզնես ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում՝ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր, իսկ թավշյա հեղափոխության օրերին հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանի և շարժման պաշտպանությամբ:
Թավշյա հեղափոխությունը հնարավոր դարձավ անարյուն իր ավարտին հասցնել նաև ԲՀԿ-ի շնորհիվ, քանի որ այդ կուսակցությունը հստակ կանգնեց Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության կողքը:
Գագիկ Ծառուկյանը միացավ թավշյա հեղափոխությանը, քանի որ նախկին իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվեց իր քաղաքական ակտիվության համար ու ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ, որ թողնում է քաղաքական գործունեությունն ու զբաղվելու է միայն բիզնեսով ու սպորտի ֆինանսավորմամբ:
Ծառուկյանը, լինելով խոշոր սեփականատեր, մտահոգվում է իր բիզնես իմպերիայի պահպանմամբ՝ թավշյա հեղափոխության մեջ նա տեսավ նաև որոշակի անվտանգության երաշխիքներ իր բիզնեսների համար: Սակայն ցանկացած իշխանության համար Ծառուկյանն իր ռեսուրսներով ու հանրային բարձր վարկանիշով մրցակից է ու իշխանությունները ցանկանում են պահել այդպիսի գործիչներին վերահսկողության տակ՝ այդ թվում տարբեր ճնշման գործիքների միջոցով:
Հեղափոխության ավարտից հետո ԲՀԿ-ն հստակ դիրքավորվելով խորհրդարանական ընդդիմության դերում, սոցիալ-տնտեսական հարցերում առաջընթացի բացակայության պատճառով քննադատության է ենթարկում Փաշինյանի կառավարության ծրագիրն ու անգործությունը: Ներքաղաքական պայքարը ՀՀ-ում մտնում է նոր փուլ և հնարավոր է ստեղծվի ՀՀ-ի կառավարության դեմ նոր կոալիացիա՝ խորհրդարանական՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միասնական ճակատով գործելու պարագայում, որոնց ԱԺ պատերից դուրս կարող են միանալ նախկին իշխանությունների հետ սերտորեն կապված կուսակցություններն ու տարբեր միավորումներ ու անհատներ:
Ծառուկյանին մանդատից զրկելու փորձերը, սակայն, առաջին հերթին հարվածելու են ՀՀ-ի տնտեսությանը՝ վերջինս ունի բիզնես իմպերիա ՀՀ-ում ու տասնյակ հազարավոր աշխատակիցներ, որոնք զրկվելով աշխատանքից՝ դառնալու են Փաշինյանից դժգոհողների մի մեծ բանակ: Բացի այդ, հարվածի տակ է ընկնելու նաև ՀՀ-ի միջազգային համբավը՝ ներդրումներ չեն գալու այն երկիր, որտեղ հետապնդվում են բիզնեսմենները:
Չմոռանանք, որ Ծառուկյանն ունի լուրջ կապեր թե՛ հետխորհրդային տարածքում, թե՛ աշխարհում, ինչը նույնպես կարող է օգտագործվել որպես ինքնապաշտպանություն, եթե Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությունն իրոք սկսի կիրառվել: