22.11.2024
Սիրիայի կաթոլիկ եկեղեցու պատրիարքը շնորհակալ է Մոսկվային ԻՊ-ի դեմ պայքարի համար
prev Նախորդ նորություն

Ահաբեկչություններ Փարիզում. Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում ուրբաթ ուշ երեկոյան պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 140 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի թվի մասին տեղակատվությունը հակասական է: Հայտնում են 120-150 զոհվածների մասին:

Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են երկրի սահմանները: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել "Իսլամական պետություն" խմբավորումը:


"Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է"

Ըստ Sky Tg24-ի, ահաբեկիչները համացանցում տարածել են հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. "Սա վենդետա է Սիրիայի համար: Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է":

France 24-ի փոխանցմամբ՝ երեք պայթյուն հնչել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։ Հաղորդվում է, որ ֆուտբոլային հանդիպմանը հետևում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տարհանվել է անվտանգ վայր։ Ըստ BBC-ի՝ հինգ պայթյուն էլ հնչել է «Բատակլան» համերգասրահի մոտ։

Համերգասրահի ներսում հնչել են կրակոցներ. այստեղ են սպանվել մեծ թվով մարդիկ, պատանդառվել է շուրջ 100 մարդ։ Կրակոցներ են եղել նաև երկու այլ վայրերում, այդ թվում՝ մի ռեստորանի մոտ, հայտնում է Ազատությունը:

BFMTV-ի լրագրողների վկայությամբ՝ համերգասրահում ունկնդիրների վրա կրակ բացողներից մեկը բացականչել է՝ «սա Սիրիայի համար է»։ CNN-ի փոխանցմամբ՝ համերգասրահում պատանդառվածները վկայել են, որ ահաբեկիչները դիմակներ չեն կրել։

Դեպքերի վայրեր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ։ Ականատեսները Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը բնութագրել են որպես «քաոս»։ Փարիզի 10-րդ և 11-րդ շրջաններում մի շարք փողոցներ են փակվել, փակ է նաև Հանրապետության հրապարակը։

"Երկրորդ որոշումը սահմանների փակումն է"

Ֆրանսիայի նախարարների խորհուրդը գիշերը արտակարգ նիստ է անցկացրել։ Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է մնալ տներում։ Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ահաբեկչական հարձակումները դեռ շարունակվում են», - հայտարարել է Օլանդը՝ շարունակելով. - «Մենք կենտրոնացրել ենք բոլոր հնարավոր ուժերն ահաբեկիչներին չեզոքացնելու համար։ Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է»։

«Սա մի ահավոր փորձություն է, որ մեզ պատուհասել է», - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիայի նախագահի ելույթից քիչ անց ոստիկանությունը գործողություն սկսեց «Բատակլան» համերգասրահում։ Երևանի ժամանակով ժամը 4-ի սահմաններում ոստիկանությունը հայտարարեց գրոհի ավարտի մասին։ Գրոհի ավարտից հետո հայտնի դարձավ, որ միայն «Բատակլան»-ում զոհվել է շուրջ 100 մարդ:

Ըստ Euronews-ի՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումների զոհերի թիվը շուրջ140 է: Ոստիկանության վկայությամբ՝ առնվազն չորս ահաբեկիչ սպանվել է, երեքը՝ «Բատակլան» համերգասրահում, և ևս մեկը, ով իրեն պայթեցրել է Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ։ BBC-ն հաղորդում է, որ հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Արձագանքներ աշխարհից

Փարիզում տեղի ունեցող իրադարձություններին արագ արձագանքեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ մասնավորապես հայտարարելով. - «Մենք ֆրանսիացի ժողովրդի հետ ենք, որը մեզ հետ է ահաբեկչության դեմ պայքարում։ ԱՄՆ-ը Ֆրանսիային կառաջարկի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և օժանդակությունը»։ «Փարիզյան հարձակումը հարձակում է ամբողջ մարդկության դեմ», - շեշտել է Օբաման։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե ցնցված է Փարիզում տեղի ունեցած հարձակումներից ու բռնություններից։ «Մտքերով ու աղոթքներով Ֆրանսիայի ժողովրդի հետ ենք, մենք կանենք հնարավոր ամենը՝ նրանց օգնելու», - գրել է նա Թվիթերում: Ֆրանսիայի նախագահին իր խորին ցավակցությունները և համերաշխությունն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ռոսիա 24»-ը։

Տեղի ունեցածին արձագանքել է պաշտոնական Երևանը։ «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։