Հայաստանում Ռուսաստանի զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերություն զարգացնել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Երևանն արտաքին քաղաքականության ոլորտում շարունակում է կոմպլեմենտար՝ փոխլրացնող քաղաքականությունն, այդ թվում ռազմական համագործակցության ոլորտում:
ՀՀ-ն փորձում է հարաբերություններ կառուցել ոչ թե հակադրվելով Արևմուտքին կամ սիրաշահելով ՌԴ-ին, այլ զարգացնել կապերը բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ՀՀ-ի ազգային, պետական շահերից ելնելով:
ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, ռուսական զորքերը ՀՀ-ում ապահովում են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների անվտանգությունն ու ՀՀ-ի ազգային անվտանգության, ռազմական բալանսի պահպանման կարևոր գործոններից են:
ՌԴ-ի վարկերի, ռազմական օգնության շնորհիվ ՀՀ-ն կարողանում է պահպանել ռազմական փխրուն բալանսն Ադրբեջանի հետ՝ գնելով ռուսական նորագույն զենքեր ներքին գներով կամ վարկային գծով:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա ՀՀ-ն, այդ թվում տարածաշրջանում Վրաստանից ու Ադրբեջանից հետ չմնալու համար, համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ ու այդ Դաշինքի կողմից իրականացվող ծրագրերին՝ ռազմա-տեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացիայի շրջանակներում:
Սակայն պետք է գիտակցել, որ եթե Վրաստանի համար ՆԱՏՕ-ն արտաքին քաղաքական ուղենիշ է, իսկ Ադրբեջանի համար թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է, ապա ՀՀ-ն Հարավային Կովկասում իր անվտանգությունը դիտարկում է նաև ՌԴ-ի հետ անվտանգության ընդհանուր պարադիգմայի շրջանակներում՝ ՀԱՊԿ, հայ-ռուսական համատեղ զորախումբ, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայան և այլն:
Տոնոյանն իր հայտարարության մեջ հստակ մեսիջ է հղում, որ ռուսական զորքերի առկայությունը որևէ խոչընդոտ չէ: Դա նշանակում է, որ ռուսական զորքերի դուրս բերման, 102-րդ ռազմակայանի շուրջ երբեմն առաջացող հայտարարություններն որոշ խմբերի կողմից իրականացվող քաղաքականություն է, որը հակասում է ՀՀ-ի պետական, ազգային շահերին ու դեմ է ՀՀ-ի իշխանությունների հստակ դիրքորոշմանը՝ խորացնել կապերը Մոսկվայի հետ:
Մեյնստրիմը հայ-ռուսական հարաբերություններում Մոսկվա-Երևան ռազմական կապերի խորացումն է: