26.11.2024
Վրաստանում ՀՀ դեսպանն ու Բաթումիի քաղաքապետը քննարկել են երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղության հնարավորություն է ստեղծվել․ The Washington Post

Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջապես խաղաղության հնարավորություն է ստեղծվել, գրում է The Washington Post-ի վերլուծականը, փաստելով՝ տասնամյակներ շարունակված անարդյունք բանակցություններից հետո՝ հիմա տեղում մի էական փոփոխություն է արձանագրվել, որը կարող է տանել դեպի կարգավորում:


«Մեկ տարի առաջ Հայաստանում ցուցարարները պաշտոնանկ արեցին վարչապետին՝ ճանապարհ հարթելով դեկտեմբերին կայացած ազատ ընտրությունների համար: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարող է հակամարտության երկու կողմերում էլ փոխել առաջնորդների հավակնությունները», - պնդում է վերլուծականը՝ մանրամասնելով․ - «Գիտական վերջին հետազոտությունները փաստում են, որ երբ տարածաշրջանը առավել ժողովրդավար է դառնում, հակամարտության կարգավորման հեռանկարը աճում է, ագրեսիայի միտումը՝ նվազում: Ժողովրդավար հասարակությունները հարևանների հետ խաղաղ շփումների կողմնակից են, ձգտում են առաջ տանել համագործակցությունն ու փոխզիջումները, ինչը թուլացնում է աջակցությունը խնդրի ռազմական կարգավորմանը»:


Վերլուծականը միաժամանակ փաստում է՝ տարածաշրջանի ժողովրդավարացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: «Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ համաձայնության ավելի հավանական է հասնել, եթե բոլոր կողմերն են ներգրավված բանակցություններում: Հիմա հրատապը հակամարտությունից տուժած բոլոր խմբերի՝ շփման գծի մոտ ապրող գյուղական համայնքների, կանանց, փախստականների ու հենց Լեռնային Ղարաբաղի ներգրավումն է կարգավորման գործընթացում», - պնդում է The Washington Post-ի հոդվածը` փաստելով, որ բոլոր այս խմբերը տարիներ շարունակ դուրս են թողնվել բանակցություններից:


«Կողմերի միջև նման կապերի ստեղծումը կօգնի դիվանագիտությանը կարճատև փոխզիջումների փոխարեն կենտրոնանալ առավել տևական, ողջ տարածաշրջանին վերաբերող հանապազօրյա խնդիրների վրա: Նման բազմակողմ երկխոսությունը կարող է նաև նվազեցնել թշնամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հնարավորություն տալ, որ միջագային միջնորդներն ու երկու կողմերի առաջնորդները առավել նպաստավոր պայմաններում դիմեն հանրությանը՝ փոխզիջման հարցով», - ասված է հոդվածում: