ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճի դանդաղում մինչեւ 4.5%
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճի դանդաղում մինչեւ 4.5՝ 2018 թվականին գրանցված 5.2 տոկոսի փոխարեն: Դա կդառնա առավել «թույլ գլոբալ միջավայրի, ինչպես նաեւ պղնձի գնի հետեւանք», հայտարարել է հիմնադրամի ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ԱՄՀ-ի մասնագետների գնահատականների՝ Հայաստանը մեծապես կախված է «Ռուսաստանի օգնությունից եւ ներդրումներից, որի տնտեսական անկումն անդրադարձել է Հայաստանի արտահանման, ինչպես նաեւ վերջին տարիներին ՌԴ-սւմ աշխատող հայերի դրամական փոխանցումների վրա»:
Ըստ անցած տարվա տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.2 տոկոս՝ ի տարբերություն 2017 թվականին գրանցված 7.5 տոկոսի, ինչը Հայաստանի առեւտրային գործընկերների տնտեսական աճի տեմպերի անկման, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերական ոլորտների անբավարար արտադրողականության հետեւանք է: 2019 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Յուլյա Ուստյուգովան ասել է, որ հիմնադրամը կանխատեսում է ավելի պակաս տնտեսական աճ այս տարի դրամական փոխանցումների կրճատման ֆոնին, որը, սակայն, կարող է փոխհատուցվել ներդրումների աճով:
Նա նշել է, որ աճի տեմպերի կանխատեսվող նվազումը կապված է արտաքին խոչընդոտների հետ, այդ թվում՝ «համաշխարհային առեւտրի լարվածության աճի, համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության աճի հետ»: «Քաղաքական գործիչների հիմնական խնդիրը մանրակրկիտ ծրագրված կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է միկրոտնտեսական եւ ֆինանսական կայությունը պահպանելու պայմանով»,-ասել է Ուստյուգովան:
Փետրվարին ԱՄՀ-ը հայտարարել է, որ ձեռք է բերել Հայաստանի կառավարության հետ 250 մլն դոլարի չափով նախնական համաձայնություն «նոր կառավարության բարեփոխումների իրագործմանն աջակցելու եւ արտաքին ցնցումներին դիմակայելու համար»: