VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո եւս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին եւ կառավարության ղեկավարին: «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել եւ տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: Իհարկե, նման ցուցանիշը ցանկացած պետության համար բավականին բարձր է, ավելին՝ երազանքի ցուցանիշ կարող է համարվել ցանկացած իշխանության համար, սակայն մեր իշխանություններին մտահոգել է: Չմոռանանք, որ ընդամենը տասն ամիս առաջ Փաշինյանն ուներ ավելի քան 90 տոկոս սատարում, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոսից ավելի աջակցություն է ստացել, այսինքն՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում վարչապետի աջակիցների բանակը նվազել է մոտ 20 տոկոսով, իսկ տասն ամսվա ընթացքում՝ ընդհանրապես շուրջ 35-40 տոկոսով:
Այստեղ խոսքը կոնկրետ Փաշինյանի վարկանիշի մասին է, քանի որ կառավարությանը սատարողների ցուցանիշն էլ ավելի է իջել. կառավարության գործունեությունը հավանում է հարցվածների մոտ 45 տոկոսը: Այս արդյունքները շատ մտահոգիչ են եղել Փաշինյանի համար, ինչով էլ պայմանավորված են այն անհանգստությունը եւ հարձակումները, որ կան մամուլի, ՖԲ-ի եւ տեղեկատվական այլ հարթակների նկատմամբ, ինչպես նաեւ որոշակի պոպուլիստական քայլերով հասարակության վստահությունը վերականգնելու եւ կարեւոր թեմաներից ուշադրություն շեղելու տարբեր դրսեւորումները: Ստացվում է, որ իշխանության տեսակետից ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն իսկապես արդարացված էր, քանզի եթե դրանք տեղի ունենային, օրինակ, ապրիլին, ապա «Իմ քայլը» կստանար անհամեմատ ցածր քվեներ, իսկ խորհրդարանում կլիներ ոչ թե երեք, այլ հինգ կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որն անցած շաբաթ հաստատվեց կառավարության կողմից, դեռեւս ընդգրկված չէ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Այս հանգամանքն առաջացրել է պատգամավորների անհանգստությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունում «կամուկացի» մեջ են, եւ, ըստ խոսակցությունների, վերջին փուլում դեռեւս հնարավոր է հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենան: Կան տեղեկություններ, որ կառավարությունում նախատեսված օպտիմալացման եւ միացման ենթակա նախարարությունների մասով հնարավոր է լինեն անակնկալ փոփոխություններ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, սակայն այն չի քննարկվի նաեւ ԱԺ առաջիկա քառօրյայում: Իշխանությունը մտավախություն ունի, որ դրա ընդունմանը հետեւող կրճատումները եւ գործազրկության նոր ալիքը կարող են ցնցումների պատճառ դառնալ, եւ դրա դեմն առնելու այլ ձեւ չգիտի, քան այդ փոփոխությունները հետաձգելը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տեւեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաեւ անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաեւ նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,- ասաց վարչապետը: Նա նաեւ նշեց, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա։ «Ես սա ասում եմ որպես արձանագրում, եւ մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սեւ հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, միեւնույն է, հեղինակները ժողովրդի աջակցությունը չեն ստանա: Այո, նախկին իշխանությունների եւ հասարակության միջեւ անջրպետը վերջին քսան տարվա ընթացքում միայն խորացել էր:
Հասարակությունը տարիներ շարունակ մերժել է այդ իշխանությանը եւ նախորդ տարի վերջապես հասավ հաջողության` ստիպելով ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թողնել պետության ղեկը: Ու որքան էլ նախկին իշխանություններն այսօր աննախանձելի վիճակում են, միեւնույն է, հակառակորդին թերագնահատել պետք չէ, առավել եւս, երբ այդ հակառակորդը ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում Փաշինյանի կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով: Ավելին, պետական կառավարման համակարգն արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել, ու նախկին իշխանության շատ կադրեր դեռ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նաեւ ուժային կարեւոր կառույցներում: Այնպես որ, սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն: Հիմա Փաշինյանը որքան էլ ոգեւորված լինի իր ներկա վարկանիշով, ժողովրդի աջակցությամբ, սեփական ազնվությամբ, միեւնույն է, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետը երեկ Մատենադարանի դահլիճում ասուլիս էր տալիս՝ դահլիճին կից ճաշարանում դժգոհում էին, որ իրենք շուտով փակվելու են, քանզի էլ չեն ձգում։ «Մատենադարանի աշխատակիցները շատ ցածր աշխատավարձ են ստանում (մոտ 60 հազար դրամ), եւ բոլորը չէ, որ կարողանում են օգտվել ճաշարանից, մենք էլ չենք հասցնում մեր ծախսերը փակել, ուտելիքի կեսը մնում է, ստիպված թափում ենք, դրա համար այս ամսվա վերջ ստիպված փակելու ենք ճաշարանը, քանզի այլեւս ձեռք չի տալիս ճաշարան աշխատեցնելը»,- իր դժգոհությունը հայտնեց ճաշարանի աշխատակիցը։ Նա հույս ուներ, որ ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը կգա իրենց մոտ՝ սուրճ խմելու, եւ իրենք տեղում կբարձրաձայնեն այս խնդրի մասին, բայց վարչապետը չեկավ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվելու է նոր վերաձեւափոխվող ՀՀ կրության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը: Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից. «Ինչպես տեսնում եք, ես քաղաքապետարանում եմ եւ կատարում եմ իմ լիազորությունները որպես Երեւանի փոխքաղաքապետ: Իհարկե, շատ բարձր պատիվ է , որ քննարկվում է այդ պաշտոնում իմ նշանակման հարցը: Իրոք, ինձ համար մեծ պատիվ է ծառայել մշակույթին, բայց հիմա ես ծառայում եմ Երեւան քաղաքին եւ մայրաքաղաքի զարգացմանը: Այս պահին՝ 2019 թվականի մարտի 19-ի դրությամբ՝ իմ օրակարգում նման հարց չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքում մարզպետի եւ Աբովյանի քաղաքապետի միջեւ կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»: Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց մարդուն. պետք է հասնել Վահագն Գեւորգյանի հրաժարականի՞ն։ «Նախ հիշենք` քաղաքապետն ընտրովի մարմին է, եւ ապա` խնդիրն առնչվում է հողային ֆոնդերին։ Թույլ տված բացթողումներին, ուրիշ ոչինչ»: Չէ, ասել եք՝ ինքը «հին մարդ» է, «հին մարդիկ» Հայաստանում պետք է պաշտոն չզբաղեցնե՞ն։ «Չեմ ասել հին մարդ, ասել եմ` հին մշակույթ կրող։ Աբովյանի քաղաքապետը, չեմ երկնչի ասել, շատ պարկեշտ, շատ համեստ, աշխատող գործիչ է, բայց Աբովյան քաղաքը կառավարելու գործում ունի ընդգծված կաշկանդվածություն, ինքն ազատ չէ որոշումների մեջ, ուղղորդվում է»: Թիրախում Գագիկ Ծառուկյանն է էլի, փաստորեն։ «Ոչ, մենք որեւէ մեկին չենք թիրախավորում»: Եթե հունիսին տեղի ունենալիք ընտրություններում Վահագն Գեւորգյանը հաղթեց, իսկ կարո՞ղ է հասկանում եք, որ եթե մասնակցի, անպայման հաղթելու է` էս գլխից եք «գործը բռնել», ի՞նչ կանեք այդ դեպքում։ «Կշնորհավորեմ իրեն, սակայն մարզպետարանի վերահսկողական բոլոր գործառույթները կմնան ուժի մեջ, մանավանդ՝ հողային ֆոնդերի մասով, ուր բացթողումներն անչափ շատ են»:
«Ժողողվուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան: Մասնավորապես, նախագծերի ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու, եւ առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է: Նախագծով նախատեսվում է նաեւ առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարներից, ինչպես նաեւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։ «Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները»,- նախօրեին տեղեկացրել էին կադաստրից։ Ուշագրավ է, որ այն օրը, երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է, որ արդեն 2 օր է՝ Հայաստանում չէ եւ չի ուզում խոսել այդ թեմայով։ «Մի բան գիտեմ, որ էս երկրում ինչ լինում է, կապում են իմ հետ»,- ասել է նա։ «Այսինքն՝ հանքը Ձերը չէ՞» հարցին Սերգեյիչը չի պատասխանել, կրկնել է, որ չի ուզում խոսել այդ մասին։ Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արարատյան դաշտավայրի ավազահանքերի մի մասը շահագործում են Ալիկ Սերգեյիչն ու իր խնամին՝ Ռանչպարի գյուղապետը, ով երեկ ընդհատակ էր անցել, մյուս մասը՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Տեղեկություններ կան, որ այդ հանքավայրերի վրա աչք ունի Արարատի հեղափոխական մարզպետ Գարիկ Սարգսյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի հետ կհամագործակցեն այն դեպքում, եթե նա պաշտպանի իրենց թեկնածուին: Սեֆիլյանը համոզմունք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե Բաբայանը ոչ թե առաջադրվի, այլ աջակցողի դերում լինի՝ «մեր պատկերացրած նոր անձնավորությանը հասցնելու իշխանության»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես «Սասնա ծռերի» եւ Ս. Բաբայանի «միասնական թեկնածու» շրջանառվում է «Սասնա ծռերի» արցախյան գրասենյակի կորդինատոր Գեղամ Գրիգորյանի եւ տեղի ակտիվիստներից՝ Մխիթար Ավետիսյանի անունները: Վերջինս հայտնի է «Օրիֆլեյմի Մխիթար» անունով: Նրա առաջադրման շանսերն առավել հավանական են համարվում այն առումով, որ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը, իսկ Արցախում «Սասնա ծռերի» համար նախընտրելի են վերոնշյալ կերպարով դեմքերը, այսպես կոչված, «թրծվածները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»: Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թեման բարձրացվեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որեւէ խնդիր չկա: Այնպես որ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պատասխանեց Բալասանյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել եւ այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին: «Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ: Թերթը մեկնաբանությունների համար դիմեց այդ փորձագիտական կենտրոնի ղեկավար Արտաշես Սուչյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ, դա կապ չունի»: