Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Նման բան լինել չի կարող: Այս մասին լրագրողների հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարցում պաշտոնական Երևանի դիրքորոշումը կառուցողական է. Երևանը կարծում է, որ այս ժամկետը ՀՀ-ինն է, մինչդեռ կազմակերպության գործընկերները համաձայն չեն այդ մոտեցման հետ: Դրա համար Հայաստանն առաջարկում է հստակություն մտցնել կազմակերպության կանոնակարգում, որը նման դեպքերի համար հստակ մեխանիզմներ կսահմանի.
«Այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք է հստակ կանոնակարգել», - ասաց ՀՀ վարչապետը։
Պատասխանելով հարցին, թե հանդիպելո՞ւ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ, Փաշինյանը նշեց. «Այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են»:
Հիշեցնենք, ավելի վաղ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ առաջարկել է հանդիպել Փաշինյանին հայկական կողմին հարմար ցանկացած պահի, սակայն դեռեւս պատասխան չի ստացել:
Նրա խոսքով, Յուրի Խաչատուրովի հետկանչի թեմայի շուրջ բազմապիսի մեկնաբանություններ են հնչել, նաև մտավախություններ, թե վա՜յ, այս ի՞նչ եղավ, և այլն: Բայց, ընդգծեց վարչապետը, Հայաստանը հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և ապացուցեց դա, իսկ այդ ընթացքում Հայաստանի շահերը լիարժեք պաշտպանվել են։ Նա նույնիսկ գոհ է, որովհետև կազմակերպության գործունեության ողջ ընթացքում «այդպիսի խոսակցություններ տեղի չեն ունեցել»։ Հետևաբար, այս ամենն արժեր, ըստ Փաշինյանի, առնվազն միայն այդ խոսակցությունների համար։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ շատ պոզիտիվ է գնահատում մթնոլորտը ՀԱՊԿ-ում։