24.11.2024
ԵԱՀԿ նախագաը ժամանել է Բաքու
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն շրջանցող Կասպից ծով-Սև ծով միջանցքը սպասարկելու է ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերը

Բուխարեստում՝ Ռումինիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են Կասպից ծով-Սև ծով տրանսպորտայիմն միջանցքի ստեղծման հարցը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Կասպից ծով-Սև ծով(CSBS) ծրագրի կյանքի կոչմանը:


Ադրբեջան-Վրաստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի մաս են փորձում կազմել Ռումինիան, որպես ԵՄ-ի սևծովյան դարպասներ, իսկ մյուս կողմից Թուրքմենստանը փորձում է վերածվել Արևելք-Արևմուտք ճանապարհին կարևոր միջանցքի ու լոգիստիկ հանգույցի:


Թուրքմենստանն ունի նավթագազային հզոր ռեսուրսներ և ցանկանում է դրանք արտահանել դեպի Արևմուտք՝ ադրբեջանական նավթագազային լոգիստիկան օգտագործելու միջոցով: Ադրբեջանը վերածվելու է թուրքմենական ապրանքների համար կամուրջի դեպի Արևմուտք Սևծովյան տարածաշրջանով՝ Վրաստանի նավահանգիստներով դեպի Ռումինիա:


Ռումինիայի համար կարևոր է դուրս գալ կասպյան նավթագազային ռեսուրսներով հարուստ տարածաշրջան՝ Վրաստան-Ադրբեջան լոգիստիկ հնարավորությունների շնորհիվ: Այս պարագայում Ադրբեջանը նավթ ու գազ արտահանող երկրից վերածվում է տարանցիկ երկրի՝ Արևելք-Արևմուտք միջանցքի շրջանակներում:


Ադրբեջանը մասնակցում է ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքների կյանքի կոչմանը Կենտրոնական Ասիա-Կովկաս-ԵՄ ուղղության վրա՝ ելնելով իր տնտեսական շահերից: Սակայն այդ նախագծերն ունեն հստակ աշխարհաքաղաքական ուղղվածություն. ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել ՌԴ-ի ազդեցությունը հետխորհրդային տարածքում ու ստեղծելով ՌԴ-ի սահմանների երկայնքով լոգիստիկ միջանցքներ՝ փորձում է նաև նվազեցնել ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից:


ԱՄՆ-ի ու Թուրքիայի ակտիվ լոբբինգով ստեղծված Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքից օգտվելու են ԵԱՏՄ-ի անդամ Ղազախստանն ու չեզոք Թուրքմենստանը: Դրանով ԱՄՆ-ն ցանկանում է այդ երկրներին Մոսկվայի ազդեցության գոտուց կտրելով ուղղորդել դեպի Արևմուտքի ազդեցության գոտի՝ օգտագործելով տնտեսական լծակները:


Այսպիսով, Կասպյան-Սևծովյան տարածաշրջանում ստեղծվում է հստակ հակառուսական միջանցք՝ ի դեմս Վրաստանի ու Ադրբեջանի, որոնք սպասարկելու են Արևմուտքի՝ ամերիկյան ու եվրոպական ընկերությունների տնտեսական ու Վաշինգտոնի ու Բրյուսելի գեոպոլիտիկ շահերը: