27.11.2024
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սեյրան Օհանյանը չի կարողացել նայել Սարգսյանի աչքերին. մի ցուցմունքի պատմություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սերժ Սարգսյանի հետ Սեյրան Օհանյանի առերեսման հարցաքննությունից։ Այն վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի գործին, այլ ռելսերի վաճառքի պատմությանը։ Ինչպես հայտնի է, Մեղրիի հատվածում երկաթգծերի անօրինական վաճառքի հետ կապված քրեական գործ կա հարուցված, որի կապակցությամբ էլ Սեյրան Օհանյանը նախապես ցուցմունք է տված եղել, որ դա կատարվել է Սերժ Սարգսյանի հրահանգով։ Սակայն առերեսման ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, անհարմար է զգացել աչքերը բարձրացնել եւ ուղիղ նայել իր նախկին նախագահի աչքերին։ Իսկ երբ քննիչը հարցադրում է արել, թե ինչպես եւ ում հրահանգով են վաճառվել ռելսերը, հրաժարվել է նախորդ ասածներից։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ ճիշտ է՝ իր կողմից ուղիղ հրահանգ չի եղել, բայց իր իմացությամբ են վաճառվել դրանք՝ բանակի կարիքների համար, իսկ ավելի կոնկրետ՝ զենք գնելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու: Իսկ քննարկվելիք հիմնական թեման, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերաբերելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակներին: Լսումներն էլ տեղի են ունենալու Երեւանում, բայց նաեւ հրավիրվածներ են լինելու Արցախից, այնտեղի խորհրդարանից: ԱԺ այս հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ընդամենը հայտարարեց. «no comment»: Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով եւ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում 2020թ. տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Բայց երեկ նա պարզել է, որ զրկված է Արցախի քաղաքացիությունից, ընդ որում՝ զրկվել է դեռ 13 տարի առաջ՝ 2006թ.-ին` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Ղուկասյանին, սական նա, լսելով Բաբայանի անունը, չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում: Ես ո՛չ որեւէ կապ ունեմ, ո՛չ որեւէ գաղափար ունեմ»,- նշեց Ղուկասյանը: Իսկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես փորձում եմ այդ հարցը լուծել նորմալ, օրենքի շրջանակներում: Եթե շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, իհարկե, քաղաքական կհամարենք: Մենք գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն, թե ինչ հիմքով են նման քայլի գնացել: Կպարզաբանեն, կհասկանանք` քաղաքական է, թե քաղաքական չէ»:


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ այս օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրամի ֆինանսական մուտքերի, նվիրատուների թեման, շատ ավելի էական մի փաստ անուշադրության է մատնվել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վճռական ու որոշիչ դերակատարում ունի նրա կինը եւ, ըստ տեղեկությունների, բացի ներհայաստանյան ֆինանսական տարբեր հոսքերի տիրապետելուց, սփյուռքի հետ ֆինանսական հարցերը եւս նա է լուծում, էլ չենք խոսում կադրային հարցերում վճռական խոսքի իրավունքի մասին: Նրա հիմնադրած երկու հիմնադրամները` «Իմ քայլը» եւ «City of smile»-ը կարողանում են լուծել այնպիսի հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանն անգամ իր ճարտասանությամբ դժվար թե կարողանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնութագրած «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա, ավելին, դրսի գործարարների հետ էլ Աննա Հակոբյանն է աշխատում, եւ նրա միջոցով են ձեռք բերվում գրեթե բոլոր պայմանավորվածությունները: Այնպես որ, կարելի է չզարմանալ, եթե առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր եւ մտադիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բանկերից: «Էյֆորիայի ալիքը անցել է, եւ մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատանում է, իսկ այդ պայմաններում որեւէ մեկը իր գումարները վտանգի չի ենթարկի: Ֆորմալ առիթը սփյուռքի նախարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառները ավելի խորքային են, առաջին հերթին տնտեսական գործունեություն ծավալելու ազատության բացակայությունը եւ անկախ դատարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դուբայի «Four seasons» հյուրանոցում տեղի է ունեցել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի աղջկա հարսանեկան հանդիսությունը: Փեսայի մասին հայտնի է, որ հայրը զբաղվում է Հայաստանի զենքի ներմուծմամբ եւ վաճառքով: Հարսանիքին ներկա են եղել նախկին իշխանության բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ընտանյոք հանդերձ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աղջիկը ամուսնու՝ Հայկ Հարությունյանի հետ, ու էլի բազմաթիվ նախկիններ»:


«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 1–ին նախատեսված երթին, որի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, իր լուրջ մասնակցությունն է ունենալու Սամվել Ալեքսանյանը: Թերթի տեղեկություններով՝ Ալեքսանյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին «հորդորել» է ակտիվ մասնակցություն ունենալ երթին. ըստ լուրերի, նախնական հաշվարկով կմասնակցի մոտ 250–300 մարդ: Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրը պնդում է, որ նման հրահանգ վարչապետի կամ կառավարության կողմից չի եղել, և դա Ալեքսանյանի սեփական նախաձեռնությունն է»:


«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ–ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ամեն կերպ դիմադրում է , սակայն, ըստ էության, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու եւ «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում: Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները շատ են, սակայն ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է: Մենք զրուցեցինք նաեւ պարոն Մելքոնյանի հետ, ով ասաց, որ երբեւիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որեւէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,–հավելեց պարոն Մելքոնյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին առնվազն 2 մարդու գլխին կախված է ձերբակալման վտանգը․ մեկը Արշալույս գյուղի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն է, մյուսը՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Այս երկու անձինք որոշել են պայքարել եւ հրաժարական չտալ, եւ նրանց դեմ գործի են դրվել քրեական հին լծակները։ Երեկ մեզ ասացին, որ եթե ռեկտորը հրաժարական չտա, հինգշաբթի օրը հոգաբարձուների խորհրդի նիստով նրան կազատեն եւ քրգործն առաջ կտանեն։ Նույնը եւ՝ Արշալույսի գյուղապետի նկատմամբ․ եթե վաղը հրաժարական չտա, հնարավոր է ձերբակալվի եւ բանտում հայտնվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցությունը գնալով վտանգավոր է դառնում պետության համար: Երեկ այս կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով փաստին, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից երկուսը` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, դեռ անազատության մեջ են, ուղղակի սպառնալիք է հնչեցրել իշխանություններին: «Լռելու եւ ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարել է նա: Այլ կերպ ասած, Սեֆիլյանն իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել՝ բաց տեքստով հասկացնելով, որ հարկ եղած դեպքում կրկին կդիմեն զենքի. մի փաստ, որ պետք է լրջորեն մտահոգի իշխանություններին: Ի վերջո, «Սասնա ծռերը» բազմիցս ցույց է տվել՝ իրենք ամենեւին չեն զղջում, որ իրենց պետական ահաբեկչություն հիշեցնող գործողություների հետեւանքով զոհվել է երկու ոստիկան, ու արդարացնում են կատարվածը, իսկ հիմա նաեւ սպառնում: Նրանց պահվածքը հասկանալի է. հատարարելով կուսակցութուն դառնալու մասին` նրանք չկարողացան կայանալ քաղաքական դաշտում եւ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում չափազանց քիչ քվե էին ստացել՝ հազիվ 1.5 տոկոս: Միաժամանակ ակնհայտ է, որ նրանց մեծ մասի նկատմամբ չի տարածվի 2018թ. ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ տուժողներից երկուսն առարկել են: Ու «Սասնա ծռերի» անդամներն իրենց ապագա բանտարկությունը կանխելու համար փորձում են դիմադրել»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից մեկը քաղաքական դիսկուրսի բացակայությունն է։ Առաջին հայացքից թվում է՝ բոլորը խոսում են ամեն ինչի մասին, խոսում են ամենուր ու ամեն օր։ Դա իսկապես այդպես է։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ խոսակցությունը քննարկում չէ, որովհետեւ ամենատարբեր հարթակներում ու ձեւաչափերում ծավալվող քննարկումներն իրականում ֆունկցիա կամ օգտակար գործողության գործակից չունեն։ Այդ գործակիցը կամ ֆունկցիան առկա է լինում այն դեպքում, երբ հանրային-քաղաքական դիսկուրսը, դրա արդյունք համարվող գաղափարները, ծրագրերը, մտքերը որեւէ կերպ ու որեւէ չափով ազդում են երկրում կայացվող որոշումների վրա։ Ահա հենց այս տեսանկյունից է, որ ներհայաստանյան դիկուրսի արդյունավետությունը գրեթե զրոյական է։ Որովհետեւ որքան ավելի շատ քննարկումներ են ծավալվում, որքան ավելի բարձր է հնչում քննադատությունը, այնքան իշխանությունն ավելի է մեկուսանում ու բյուրեղանում՝ մեծացնելով որոշումների կայացման կենտրոնացվածության աստիճանը։ Ասվածի ամենավառ վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Ազգային ժողովում՝ կառավարության ծրագրի քննարկման վերջում։ Ծրագրի առնչությամբ հնչած տասնյակ քննադատություններին, այդ թվում՝ փաստարկված ու հիմնավոր քննադատություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ակնհայտ հեգնանքով, սարկազմով ու ատելությամբ։ Նրա ելույթը վկայեց, որ այդ մի քանի օրերի քննարկումն անիմաստ էր, որովհետեւ այդ քննարկման ընթացքում հնչած որեւէ քննադատություն, միտք կամ գաղափար չընդունվեց իշխանության կողմից։


Նույն պատկերն է գրեթե բոլոր հարցերում։ Ֆորմալ առումով ժողովրդավարական իշխանությունը փակ է այլըտրանքային որեւէ տեսակետի, առավել եւս՝ քննադատության համար։ Իսկ դա արդեն ավտորիտար իշխանությանը բնորոշ ախտանիշ է։ Ժողովրդավարությունը կենսունակ ու արդյունավետ է այնքանով, որքանով գործում են ժողովրդավարական համակարգի հիմնական բաղադրիչները՝ զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, որոնք հաշվի են առնվում որոշումների կայացման գործընթացում։ Հայաստանում պատկերն այլ է. դե ֆակտո կան հակակշիռների բոլոր համակարգերը՝ խորհրդարան, մամուլ, քաղաքացիական հասարակություն, սակայն դրանցից ոչ մեկը որեւէ ազդեցություն չունի որոշումների կայացման պրոցեսում։ Այս իրավիճակի շարունակությունն է՛լ ավելի է խորացնելու իշխանության ու հասարակության բեւեռացումը՝ իր հերթին՝ մեծացնելով ավտորիտարիզմի չափաբաժինն իշխանության համակարգում, որտեղ փաստացի ամեն ինչ հիմնված է Նիկոլ Փաշինյանի անձի վրա։ Իսկ անձնակենտրոն համակարգերն այնքան ուժեղ չեն, որքան թվում են առաջին հայացքից։ Իրականության մեջ որոշումների կայացման ապակենտրոնացումը, գործողության մեջ իրական ժողովրդավարության հաստատումը բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից։ Այլապես մոնոլիտ դարձող նրա իշխանությունը կարող է փլուզվել այնքան հեշտորեն, որքան հեշտորեն ձեռք է բերվել նախորդ տարվա ապրիլին»: