ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Հուշարձանի տեղադրման հարցն արդեն իշխանության օրակարգում է: Օրեր առաջ լենա Նազարյանն առաջարկը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Առաջարկը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատասեղանին է:
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը, զոհերից Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի համոզմամբ, կսթափեցնի բոլոր նրանց, որոնք կփորձեն ազատության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին սպանելով պահել իշխանությունը:
«Ցանկանում ենք, որ անպայման էդ հուշարձանը ստեղծվի, կանգնեցվի, որ մեր Հայաստանի բոլոր երիտասարդները զգան, թե ինչ կորուստ են կրել, ինչի համար են կրել, մեր որդիներով վերջանա իշխանությունների արյունահեղությունը և ամեն ինչ», - ասել է Ազատությանը նա:
«Իշխանությանը դաս կլինի, որ մյուս անգամ չկրակեն ժողովրդի վրա: Չէ որ էդ երիտասարդները ցանկանում էին ընդամենը ազատություն, նրանք պայքարեցին հանուն ազատության», - հավելեց մեկ այլ զոհի՝ Գոռի Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Ծնողների ցանկությունն էր, որ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին այն պատրաստ լիներ, բայց քաղաքապետարանում դա անհնար են համարում: Քննարկվելիք հարցերը շատ են, ամիսներ կտևի:
Զոհերի հարզատների առաջարկն է եղել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում, քաղաքապետարանի հարևանությամբ տեղադրվի հուշարձանը, քանի որ այստեղ են զարգացել գլխավոր իրադարձությունները: Մյասնիկյանի արձանի մոտ էին Մարտի 1-ի տարելիցին ընդդիմադիրներն ու քաղաքացիները խոնարհում ծաղիկներ:
Շաբաթներ առաջ Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու կոչ էր արել նաև Հայ ազգային կոնգրեսը: Առաջարկել էր օրենքով Օրենքով մարտի 1-ը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր», կազմակերպել հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։