ՌԴ հետ համագործակցությունը՝ ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ
ՀՀ կառավարությունը ծրագրում է ակտիվորեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: Այս մասին ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ այս նպատակը դիտարկվում է ՀՀ գլխավոր առաջնահերթությունների թվում։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,- ասված է ծրագրում:
Բացի այս, նշվում է, որ ՀՀ-ն ակտիվ աշխատելու է ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ:
Նույնը վերաբերում է նաև ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելուն։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ»,- նշվում է փաստաթղթում: