Խոսքին պիտի հետևեն գործողություններ։ Արցախյան հակամարտության երկու կողմը պետք է պատրաստ լինեն խաղաղությանը։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին հարցին։
Նա հիշեցրել է, որ այդ մասին իր ելույթներում խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը խիզախ քայլ է ձեռնարկել։ «Ես համոզված եմ, որ խոսքին պիտի հետևեն գործողություններ։ Խիզախ քայլ է ձեռնարկել վարչապետը։ Կարծում եմ, որ վարչապետը որքան էլ որ շարունակի այդ ուղղությամբ տանել իր քաղաքականությունը, երկու կողմերը պետք է պատրաստ լինեն»,– ասաց նա։
Անգել Մերկելի խոսքին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով, թե ինչ նկատի ուներ նա «խիզախ քայլ» ասելով։ Նա հիշեցրել է, որ ՀՀ խորհրդարանում ասել է՝ ցանկացած տարբերակ ընդունելի պիտի լինի ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Ես հույս ունեի, որ Ադրբեջանը կարձագանքի, բայց ոչ մի պաշտոնյա այդպես էլ չի արձագանքում։ Այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցություններում։ Ու քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ չենք կարող»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ Հայաստանը միտված է Արցախի հարցը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշմանը։
«Քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ որպես Հայաստանի վարչապետ ես բանակցություններում իրավասու եմ հանդես գալու Հայաստանի անունից։ Բայց ես չեմ կարող բանակցել ԼՂՀ անունից, այն պարզ պատճառով, որ ԼՂ ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցել, ինձ քվե չի տվել, նրանք ունեն իրենց նախագահը, իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, և Արցախի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՄԽ–ի ֆորմատի մասին գերմանացի լրագրողի հարցին` Փաշինյանն ընդգծեց, որ այն մինչ օրս բավական հաջող է գործել կարգավորման պրոցեսում։ Բայց որքան էլ, որ միջազգային հանրությունը շահագրգիռ լինի լուծելու հակամարտության խնդիրը, դա անհնար կլինի, քանի դեռ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ կարգավորման։
«Միջազգային հանրությունը չի կարող հակամարտության 3 կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ կարող է միայն հարթակ ստեղծել, ինչը ՄԽ համանախագահությունը հաջողությամբ իրականացնում է»,– ասաց Փաշինյանը։