Թեհրանը ողջունում է INSTEX-ի ստեղծումը
Թեհրանը ողջունում է Ֆրանսիայի, ԳԴՀ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի հետ հաշվարկների հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծումը եւ դա ԵՄ պարտականությունները կատարելու առաջին քայլն է համարում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Նա նշել է, որ Իրանը առեւտրային փոխանակումների գործիքի (INSTEX) ստեղծումը դիտարկում է որպես ԵՄ առաջին քայլ իր պարտավորությունների կատարման շրջանակում, որոնք ամրագրված են Եվրաեռյակի (Ֆրանսիա, ԳԴՀ, Մեծ Բրիտանիա) եւ Իրանի արտաքին գործերի նախարարների 2018թ. մայիսի հայտարարությունում։ Իրանը կոչ է անում ԵՄ-ին կատարել իր պարտավորությունները կարճ ժամկետում։
«Իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից ԱՄՆ դուրս գալուց հետո մենք չենք դարձել Իրանի շահերի առումով ԵՄ-ի կողմից գործնական քայլերի վկան, չնայած եվրոպական երկրների դիրքորոշմանը միջուկային գործարքի շուրջ, ինչպես նաեւ Իրանի դեմ ամերիկյան սահմանափակումներին»,- ասել է նա։
Քասեմիի խոսքով՝ INSTEX-ի ստեղծումը շատ ուշացած էր, եւ 3 եվրոպական պետությունները պետք է այնպես անեն, որպեսզի այդ քայլը կոմպենսացնի ԱՄՆ պատժամիջոցների մի մասը։
«Իրանը պատրաստ է շարունակել կառուցողական փոխգործակցությունը ԵՄ-ի եւ նրա անդամ պետությունների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասել է նա՝ ԵՄ-ին հորդորելով առաջիկայում կատարել ստանձնած պարտավորությունները։