Հայաստանի և Արցախի միջև պետք է կնքվի ռազմաքաղաքական դաշինք: Այն կօգնի բանակցային գործընթացում չթուլացնել մեր դիրքերը: Այս մասին հայտարարել է ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Մենք այսօր Արցախի անվտանգության հետ կապված լուրջ սպառնալիքներ ունենք: Պետք է շատ հստակ արձանագրենք, որ հարձակումն Արցախի վրա նշանակում է հարձակում Հայաստանի վրա»,- մասնավորապես նշել է Բյուրոյի նախագահը:
ՀՅԴ-ն շարունակում է կտրուկ արտահայտվել Արցախի հարցում չզիջելու տեսանկյունից ու այդ կերպ կոշտ հակադրվում Փաշինյանի կառավարությանը, որոնք խոսում են խաղաղության մասին, որի այլընտրանքն, ըստ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, կատաստրոֆան է:
ՀՀԿ-ն նույնպես, ի դեմս մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, կտրուկ քննադատության է ենթարկել ՀՀ իշխանություններին ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշման ու Ադրբեջանի հետ բանակցություններում թույլ դիրքերից հանդես գալու համար:
Փաստորեն ԱԺ-ի պատերից դուրս ուրվագծվում է այն ուժերի կոնֆիգուրացիան, որոնք կարող են, չնայած առկա որոշակի տարաձայնությունների, Արցախի հարցի շուրջ գնալ կոնսոլիդացիայի` Ադրբեջանին տարածքներ զիջելու տարբերակը բացառելու համար:
ՀՅԴ-ՀՀԿ-ի տանդեմին Արցախի հարցում կարող են միանալ նաև Արցախի զինվորական թևի գործող և նախկին ռազմական ներկայացուցիչները` Սեյրան Օհանյան, Վիտալի Բալասանյան, Սամվել Բաբայան, Արթուր Աղաբեկյանն ու այլոք:
Բազմաթիվ կոշտ հայտարարություններով օրերս հանդես եկան նաև ղարաբաղյան պատերազմի վետերանները: Բոլորի մոտ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Արցախից ոչ մի թիզ հող զիջել չի կարելի, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ու զիջելուց հետո նրանք չեն բավարարվելու այդ հողերով ու ցանկանալու են ամբողջ Արցախը, հետագայում նաև Սյունիքն ու Երևանը:
Փաշինյանի կառավարությունը` ԱՄՆ-ի ակտիվ լոբբինգով ու Ջոն Բոլթոնի ջանքերով, ակտիվացրել է ղարաբաղյան բանակցություններն ու ցանկանում է գնալ խնդրի արագ կարգավորման:
Իլհամ Ալիևն էլ հույսեր է կապում ՀՀ նոր կառավարության հետ ու լավատեսական է տրամադրված` Ադրբեջանի քաղաքական էլիտան երբեք այդպիսի հայտարարություններով հանդես չէր եկել ՀՀ-ի նախկին իշխանությունների նկատմամբ:
Մինչդեռ Արցախի պատերազմի հերոսների` Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան և այլոց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Դրան զուգահեռ ՀՀ զինված ուժերի կադրային սպաների, պատերազմով անցած գործիչների հանդեպ նույնպես հետապնդումներ են` ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և մյուսների:
Պատերազմական վիճակում գտնվող երկրում բանակային ու պատերազմական էլիտայի հետապնդումն ու նրանց հեռացումը բանակից անթույլատրելի է:
ՀՀ-ի բանակի իմիջի թուլացումը Ադրբեջանի համար կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ հարձակվելու համար, նրանց ԶԼՄ-ներում հայկական գեներալները ներկայացվում են, որպես «գողեր ու հանցագործներ»` դրանով նրանք ամրապնդում են սեփական բանակի մոտ այն միտքը, որ ՀՀ-ին ու Արցախին հնարավոր է հեշտությամբ հաղթել:
ՀՀ-ի նոր իշխանությունները պետք է գնան ազգային կոնսոլիդացիայի ճանապարհով, հարթեն բոլոր ներքաղաքական հարցերը, քանի որ Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է: ՀՀ-Արցախը պետք է հանդես գան ավելի կոշտ դիրքերից` պատրաստելով հասարակությանը պատերազմի, այլ ոչ թե խաղաղության:
Ղարաբաղյան հարցում ցանկացած միակողմանի զիջումներ հանգեցնելու են հասարակության հակազդեցությանը, որոնց գլուխ կարող են կանգնել մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եթե մինչ այդ պահը նա հայտնվի ազատության մեջ: