Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն առաջիկայում. Կարասին
Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն ենք հայտնել, որ դրանք լինեն շարունակական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Նա հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն, կլինի նաև հանդիպում երկու երկրների արտգործնախարարների միջև։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Նոր հանդիպումներն առջևում են, դրանք, որքան հասկանում եմ, տարբեր մակարդակներով կլինեն՝ երկրների առաջնորդների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպումներին պետք է լավ պատրաստվել, որպեսզի դրանք լինեն իրատեսական ու բերեն իրական արդյունքեր ու առաջընթաց», - ընդգծեց նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, Կարասինը նշեց, որ վերջին ամիսներին հանգիստ իրավիճակը դարձել է բնորոշ և բոլոր համանախագահ երկրները միտված են նրան, որ խնդրի կարգավորման ուժային սցենարը բացառվի.
«Բոլորը ցանկանում են, որ առաջընթացը լինի արագ: Մենք պետք է իրատեսական լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ միջազգային հանրության օգնությամբ», - հավելեց Կարասինը։